ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի ռուսական արջի գլուխը գլխացավից պայթի. 3
Բայց աննախանձելի կլինի վիճակը նրա, ով գործ կունենա միջուկային ժանիքներով գազազած արջի հետ
Սկիզբը` այստեղ
Ռուսական դիվանագիտությունը փորձում է մանևրել ու գտնել լուծում, որպեսզի Թուրքիան Սիրիայում չանցնի ցամաքային լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Շատ գործընթացներ կուլիսներում են, դրանց մասին չի հայտարարվում:
Ռուսաստանը մի կողմից Էրդողանին, Թուրքիային ցույց է տալիս, որ նրանց չի մեղադրում, նույնիսկ չի քննադատում նոյեմբերի 19-ին և 20-ին ավիացիայի և հրետանու կիրառմամբ Սիրիայի հյուսիսում «Ճանկեր-սուր» ռազմագործողության համար (հարվածներ են հասցվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևին, քրդական այլ կազմավորումների, ինչպես նաև Սիրիական բանակի դիրքերին), մյուս կողմից հասկացնում, զգուշացնում, որ եթե Թուրքիան չափն անցավ և Սիրիայում ցամաքային լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց, ապա նրա հարվածները կարող են բումերանգի նման հետ վերադառնալ:
«Մենք ըմբռնումով և հարգանքով ենք վերաբերվում Թուրքիայի անհանգստությանը` կապված սեփական անվտանգության ապահովման հետ,- նոյեմբերի 22-ին, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Մենք համարում ենք, որ դա Թուրքիայի օրինական իրավունքն է»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն այսպես է պատասխանել հարցին, թե Կրեմլն ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե ռուսական կողմն իբր չի կատարել 2019թ. համաձայնագրով սիրիական տարածաշրջանները քրդական զինված կազմավորումներից «մաքրելու» իր պարտավորությունը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում բոլոր կողմերին «ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի լուրջ ապակայունացման ամբողջությամբ»։
«Սա կարող է բումերանգով հետ գալ, էլ ավելի բարդացնել անվտանգային իրավիճակը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովն ասել է նաև , որ որոշակի նրբերանգներ կան Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում Սիրիայում գործերի վիճակի և նրա նրա վերաբերյալ, թե Սոչիի հուշագրով ում պարտավորությունները չեն կատարվել։ Կրեմլն այսպիսով ակնարկել է, որ ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան չի կատարել իր պարտավորությունները: Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի, այս նրբերանգներն ու նույնիսկ անհամաձայնությունները բազմիցս քննարկվել են նախագահների կողմից, Անկարայի հետ գործընկերության բնույթը հնարավորություն է տալիս «կառուցողականորեն քննարկել այդ տարաձայնությունները»։
Ավելի վաղ Էրդողանը Սիրիայում իր հրամանով իրականացված ռազմագործողությունը բացատրել է որպես Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ պայմանավորվածությունների չկատարման հետևանք: Թուրքիայի նախագահը, «Ведомости»-ի փոխանցմամբ, հիշեցրել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը կարգավորելու համատեղ գործողությունների մասին Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2019թ. կնքված Սոչիի համաձայնագիրը և հայտարարել, որ Թուրքիան օդային օպերացիա է իրականացրել Սիրիայում և Իրաքում, քանի որ ռուսական կողմը հրաժարվել է կատարել քրդական կազմավորումները հանրապետության սահմանից դուրս բերելու իր խոստումները:
«Նրանց (Ռուսաստանը) վրա էր պատասխանատվությունը նրա, որ մաքրեին այդ շրջանն ահաբեկիչներից,- «Daily Sabah» թերթի տեղեկացմամբ, ասել է Թուրքիայի նախագահը:- Ցավոք սրտի, չնայած նրան, որ մենք բազմիցս հիշեցրել ենք այդ մասին, նրանք դա չեն արել։ Մենք ասացինք, որ չենք լռի դրա դեմ, և որ քայլեր կձեռնարկենք այնտեղ գտնվող ահաբեկիչների դեմ, եթե նրանք չկարողանան դա անել»:
2019թ. Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են սահմանամերձ շրջաններից քրդական կազմավորումների դուրսբերման, ինչպես նաև այս գոտում համատեղ պարեկության շուրջ։ Քրդերով բնակեցված գոտուն հարող տարածքները դե յուրե անցել են Մոսկվայի դաշնակից սիրիական կառավարության վերահսկողության տակ, մի շարք կարևոր կետերում, 2012 թվականից ի վեր, առաջին անգամ հայտնվել են Սիրիայի արաբական բանակի ստորաբաժանումներ, սակայն իրավիճակի փաստացի վերահսկողությունն այն ժամանակվանից իրականացնում է Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը։
Թուրքիան 2017 թ.-ից ի վեր, երեք ռազմագործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր» անվանումներով: Արդյունքում` Հալեպից հյուսիս գտնվող Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև ստեղծվել է անվտանգության բուֆերային գոտի, գրավվել է Աֆրինը, ավելին` Եփրատ գետից արևելք գտնվող սահմանային տարածքները վերցվել են վերահսկողության տակ։ Մայիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, որտեղից, ըստ նրա, շարունակվում են Թուրքիայի վրա PKK-ի և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի հարձակումները:
Այսպիսով Թուրքիան փայլուն կերպով օգտագործել և օգտագործում է առիթը` Սիրիայի տարածքների բռնազավթման համար: Սակայն այս անգամ, այսինքն` Ստամբուլում նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչությամբ, Թուրքիային այդ առիթը տվել են ոչ թե քրդերը (ի տարբերություն այլ դեպքերի, նրանք հերքել են տվյալ ահաբեկչության հետ իրենց կապը), այլ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները` ԱՄՆ զինվորականների կողմից որպես հատուկ հետախուզության սպա պատրաստված և ահաբեկչությունն իրականացրած (առնվազն` ահաբեկչության իրականացման մեջ Թուրքիայի իրավապահների կողմից կասկածվող) 23-ամյա քրդուհու` Ահլամ Ալբաշիրի միջոցով:
«Մեր սկսած գործողությունները մեր սահմանների անվտանգությունն ապահովելու միջոցառումների միայն սկիզբն են»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ , ասել է Էրդողանը Թուրքիայի իշխող կուսակցության նիստում և հավելել, որ Անկարան հաստատակամ է պաշտպանել սահմանները:
«Պարզ դարձավ, որ նրանք, ովքեր ասում էին, որ իրենց վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածաշրջանից մեր երկրին վտանգ չի սպառնա, չկարողացան կատարել իրենց խոստումները,- ասել է Թուրքիայի ղեկավարը։- Մենք հավատարիմ ենք մնացել Սիրիայի սահմանների մասին մեր խոսքերին, բայց եթե մեր հակառակորդները չկարողանան կատարել իրենց խոստումները, ապա մենք իրավունք ունենք ինքներս հոգ տանել մեր մասին»։
Էրդողանն օդուժի հարվածներն անվանել է հաջողված ու չի բացառել ցամաքային գործողությունը: Թուրքիայի ղեկավարը նախօրեին շեշտել էր, որ հարձակումները չի քննարկել ո՛չ ՌԴ-ի, ո՛չ էլ ԱՄՆ-ի նախագահների հետ. «Ե՛վ Բայդենը, և՛ Պուտինը գիտեն, որ մենք ցանկացած պահի կարող ենք նման գործողություններ ձեռնարկել այս տարածաշրջանում»,- ասել է նա։
Աստանայում երեքշաբթի մեկնարկել է Սիրիայում իրավիճակի կարգավորման բանակցությունների 19-րդ փուլը, որտեղ 2011թ.-ից շարունակվում է ներքին զինված հակամարտությունը։ Թուրքիան Ռուսաստանի և Իրանի հետ միասին հանդես է գալիս իբրև կարգավորման գործընթացի երաշխավոր։
Թե Աստանայում ռուսական պատվիրակությունը թուրքական կողմին, թե ՌԴ նախագահն Էրդողանին հնարավոր բոլոր միջոցներով փորձում են համոզել, որ Թուրքիան ձեռնպահ մնա Սիրիայում ցամաքային լայնամասշտաբ ռազմագործողությունից, ինչը կարող է հանգեցնել Թուրքիայի և Սիրիայի միջև պատերազմի: Ինչպես արդեն նշել ենք, դրանում իր դաշնակցին փրկելու նպատակով կարող է հարկադրաբար ներգրավվել Ռուսաստանը: Եթե դա տեղի ունենա, ապա ԱՄՆ-ի սադրանքը կհասնի իր նպատակին` Սիրիայում Թուրքիայի դեմ պատերազմով ՌԴ-ի հանար կբացվի 2-րդ ճակատ…
Արթուր Հովհաննիսյան