Տարածաշրջանում հնարավոր զարգացումներն ու բախումները․ Հայաստանի օրակարգը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։

«Վերջին առնվազն մեկ ամսվա ընթացքում նաև տարածաշրջանի մակարդակով տեղի ունեցող մի շարք գործընթացների համատեքստում նկատվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման քաղաքական վերադիրքավորման նոր միտումներ»,- նշեց փորձագետը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը, առ այն, որ «եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է հրաժարվի «շատ վտանգավոր հռետորաբանությունից»։ Նա ընդգծեց․ Սոչիի հանդիպումից պարզ դարձավ, որ համենայնդեպս այս պահին ռուսական կողմը չկարողացավ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր դիրքորոշումները առաջնահերթ դարձնել, ինչը պայմանավորված է թե աշխարհաքաղաքական իրողություններով և թե  Ադրբեջանի դիրքորոշմամբ, միևնույն ժամանակ հայկական կողմի հռետորաբանությունն է զգալի փոփոխվել, նաև Ռուսաստանի նկատմամբ․ «Հայաստանի Հանրապետության իշխանությունների հռետորաբանությունը դարձել է մի քանի ուղղություններով ավելի առարկայական, և դա է պատճառը, որ Ալիևը իր վերջին ելույթում անդրադարձել է հայկական կողմի հռետորաբանությանը»։

Խոսելով Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններից, Արևմուտքի հնարավոր միջամտությունից և առհասարակ առաջիկայում կտրուկ առճակատման և տարածաշրջանային նոր բախումների հնարավոր սցենարներից՝ բանախոսն ընդգծեց, որ ընդհանրապես քաղաքականությունը իրենից ենթադրում է ներքին և արտաքին քաղաքական հաշվարկներ, և ցանկացած դերակատար իր գործողությունները պլանավորելիս հիմնվում է հաշվարկների վրա՝ իր հնարավորությունների և հակառակորդների, և շատ ավելի մեծ միջազգային հանրության արձագանքի հաշվարկների վրա։ Միայն դրանց համադրման արդյունքում է գնում կտրուկ գործողությունների «նման բարդ իրավիճակում, երբ Իրանի հետ շարունակվում է լարվածությունը և բավականաչափ բարձր, անգամ նախագահի մակարդակով, Ֆրանսիայի հետ շարունակվում է լարվածությունը, Հայաստանի հետ շարունակվում է լարվածությունը, Ռուսաստանի հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, հիմա նման պայմաններում Ալիևը կարող  է գնալ նոր էսկալացիայի, բայց սա կարող է ավելի թանկ արժենալ», – հավելեց Արմեն Պետրոսյանը, չբացառելով նաև, որ, իհարկե, իրենք կարող են գնալ նման արկածախնդրության, ինչի հնարավորությունները շատ մեծ են, ընդհուպ ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա վերջին կամ գալիք տարվա սկզբին․ «Այդ սցենարները նրանց մոտ կան, բայց նրանք բանեցվելու են միայն այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական բարեփոխումներ լինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում