Բացվում է մի նոր պանդորայի արկղ․ Ռուբեն Մելքոնյան

«Երեկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ անկախության հռչակագիրը, ըստ էության, խնդրահարույց է և այդ  տեսությունը, որը դրված է անկախության հռչակագրի հիմքում, պետք է վերանայել։  Հարցը, իբրև թե վերաբերում է Արցախին։ Բայց անկախության հռչակագրում սևով  սպիտակի վրա գրված է Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը, որ Հայաստանը հանձնառու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- ասաց  ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքի շնորհանդեսին՝ նշելով, որ բացվում է մի նոր պանդորայի արկղ։
Ռ. Մելքոնյանն ընդգծեց, որ տարբեր տարիներին թուրքական իշխանությունները բանակցությունների կամ իրենց նախապայմանների հիմքում դրել են՝ Հայաստանը պետք է վերանայի, փոխի իր անկախության հռչակագիրը և այդ կետը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։
«Երեկ, իմ գնահատմամբ, կտեսնենք հետագա զարգացումներին, Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու և հասարակությանը խաղաղությամբ շանտաժ անելով, մոլորեցնելով մի նոր ճանապարհ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։