Տարածաշրջանում ադրբեջանաթուրքական հավակնությունները զսպելու Իրանի կարևոր դերակատարումը

Տարածաշրջանում ադրբեջանաթուրքական հավակնությունները զսպելու Իրանի դերակատարման կարևոր ուղղություններից մեկն էլ Բաքվի բազմաշերտ ռեսուրսների մասնատումն է։ Ի սկզբանե պետք է նշել, որ Իրանի քաղաքականության առանցքում բացառապես սեփական շահերի և անվտանգության ապահովումն է, որն այս պարագայում ուղիղ կերպով համընկնում է Հայաստանի շահերին։

Բանն այն է, որ նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հետ կապված նման զգայուն ժամանակահատվածում Թեհրան-Բաքու հարաբերությունների գերլարվածության պայմաններում Ադրբեջանն ստիպված է իր սահմանափակ քաղաքական-դիվանագիտական, քարոզչական, տնտեսական ռեսուրսների մի զգալի հատված կենտրոնացնել Իրանի դեմ՝ դրանք դուրս մղելով Հայաստանի նկատմամբ հաշվարկված համակողմանի ճնշման քաղաքական օրակարգից։

Նման իրավիճակում Հայաստանը պետք է բավականաչափ զգուշավոր կեցվածքով և դիրքավորմամբ նրբորեն նպաստի Բաքու-Թեհրան լարվածության աճին։

Իսկ նշվածը հնարավոր է առնվազն երեք հարթություններում՝

  1. Նախաձեռնողականություն դրսևորելով՝ առավելագույնս ակտիվացնել Հայաստան-Իրան համագործակցությունը հնարավոր բոլոր մակարդակներում։
  2. Հնարավորինս ակտիվացնել Իրանի և Հայաստանի մասնակցությամբ բոլոր հնարավոր բազմակողմանի ձևաչափերը՝ այլ շահագրգիռ դերակատարների ներգրավմամբ(Հյուսիս-Հարավ, Պարսից Ծոց-Սև ծով, Հնդկաստան-Իրան-Հայաստան, Թուրքմենստան-Իրան-Հայաստան, Ռուսաստան-Իրան-Հայաստան…)։
  3. Քարոզչական հարթությունում տեղեկատվական և փորձագիտական մակարդակներում հնարավորինս չեզոք կերպով բայց զանգվածաբար անդրադառնալ «Ադրբեջան-Իրան» լարվածության թեմային՝ դրա տարածումն ապահովելով նաև միջազգային լսարաններում։

Գլոբալ և տարածաշրջանային նման բարդագույն իրավիճակում վերոնշյալը կարևոր և չափելի արդյունավետությամբ մարտավարական ուղեգիծ է, որն ստուգված մանևրի հնարավորություն է ընձեռում Երևանի անվտանգային քաղաքականության համատեքստում։

#Հարափոփոխ_տարածաշրջան, #Հայաստան, #Իրան, #Ադրբեջան, #Թեհրան, #Բաքու

 Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից