Հակոբ Արշակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին

Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեին: Ֆբ-ի պաշտոնական էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը

«Շնորհակալություն եմ հայտնել ջերմ ընդունելության համար՝ երախտիքի խոսքեր հղելով ծանր մարտահրավերներ դիմակայող Հայաստանին և հայ ժողովրդին Ֆրանսիայի դրսևորած բացառիկ համերաշխության ու սատարման և մասնավորապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված և ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային պետական ամենաբարձր մակարդակով Ֆրանսիայի հասցեական արձագանքի և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ կարևոր հանձնառության համար։

Բարձր եմ գնահատել նաև միջխորհրդարանական համագործակցությունը՝ այդ համատեքստում առանձնահատուկ արժևորվելով Ֆրանսիայի Ազգային ժողովի, ֆրանսիացի խորհրդարանականների ակտիվ ներգրավվածությունը՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ անվտանգային սպառնալիքների մասին միջազգային հանրությանն ահազանգելու և ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի՝ միջազգային գործուն քայլեր ձեռնարկելու համար։

Անդրադարձ է կատարվել սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային, դրա աշխարհաքաղաքական և հումանիտար հետևանքներին, Ադրբեջանի իշխանությունների ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությանը, բանակցային գործընթացին: Փոխադարձաբար կարևորվել են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդական դերակատարությունը, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահի առաջնորդությամբ իրականացող ԵՄ միջնորդական ջանքերը և ՀՀ սահմանային իրավիճակի գնահատման նպատակով՝ ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության գործունեությունը։

Տարածաշրջանում անվտանգային միջավայրի վերականգնման և կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից կարևորել եմ միջազգային աջակցությամբ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ որպես ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական նկրտումները զսպելու իրական երաշխիք։

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն վերահաստատեց Ազգային ժողովի և ողջ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին և հայ ժողովրդին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի և իմ անունից Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան»,- գրել է Արշակյանը։