Պոլիկլինիկաներին տրամադրվող դեղերը քաղաքացին կարող է ստանալ միայն էլեկտրոնային դեղատոմոսով․ ԱՆ փոխնախարար

Առողջության առաջնային օղակի բարեփոխումները՝ հերթերի կառավարման, փաստաթղթերի, մատյանների եւ դեղատոմսերի թվայնացման համակարգը Հայաստանի ամբողջ տարածքով ներդրվել է մեկ տարի առաջ։ Այս մասին այսօր, նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։

Ջումայանի խոսքով՝ հունիսից սկսած կենտրոնական գնումներով դուրս գրվող դեղորայքը հնարավոր է ստանալ միայն էլեկտրոնային դեղատոմսով, էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով։ Մինչ այս պահը էլեկտրոնային տարբերակով 60 հազարից ավելի դեղատոմս է դուրս գրվել։ Բժիշկը համակարգի մեջ ընտրում է համապատասխան չափաբաժինը, քանակը և քաղաքացուն ուղղորդում է դեղատուն։ Քաղաքացին դեղատանը ներկայացնում է անձը հաստատող տվյալները, աշխատակիցը ներբեռնում է տվյալները, տեսնում դեղատոմսը և տրամադրում դեղորայքը։