Փաշինյանը Սոչիի բանակցությունների ժամանակ չի պնդել, որ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը նշվի հայտարարության մեջ․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի ունեցած ստույգ տեղեկությամբ՝ Սոչիի հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը տեղ չի գտել հենց Նիկոլ Փաշինյանի անգործության հետեւանքով։

Այսօր նա և նրա կուսակիցները որքան էլ այս համատեքստում Ռուսաստանին և Պուտինին են մեղադրում ու թիրախավորում, այնուհանդերձ, իրականությունը բոլորովին այլ է:

Պարզվում է՝ ռուսական տարբերակում ԼՂ անունը ներառված է եղել, այսինքն, Պուտինը չի էլ կասկածել, որ առանց ԼՂ անվան տեքստ կհրապարակվի:

Բայց ինչպես ասում են՝ գողը որ տնից չլինի, եզը երթիկից չեն հանի:

«Փաստինֆո»-ի քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Ալիևը դեմ է եղել «ԼՂ» անունը շեշտելուն, Փաշինյանը ծպտուն իսկ չի հանել։ Ավելին, վերջինս չի պնդել, որ «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումն անպայման նշվի հայտարարության մեջ անգամ այն բանից հետո, երբ Պուտինն ասել է, որ այդ դեպքում հայտարարության ստորագրումը վտանգվում է։ Փաշինյանն առանց վիճարկելու ստորագրել է:

Եվ Պուտինին այլ բան չի մնացել, քան իր ստորագրությունը ևս դնելը: Ակնհայտ է, չէ՞, որ Պուտինը չէր կարող ավելի հայ լինել, քան՝ ՀՀ վարչապետը, որը «Արցախ» անունը չի պահանջել ներառել հայտարարության մեջ: Ասել կուզի՝ Փաշինյանն ուղղակի վախեցել է Ալիևից…