Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի 2024 -ի ընտրություններին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, կրկին կմասնակցի ընտրություններին և խոստացել է «շատ շուտով» բացահայտել իր ծրագրերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Ակնկալվում է, որ Թրամփը և ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը կհայտարարեն 2024 թվականի նախագահական մրցավազքին մասնակցելու մասին՝ հաջորդ երեքշաբթի նշանակված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո:

«Ես երկու անգամ առաջադրվեցի, երկու անգամ հաղթեցի, իսկ երկրորդ անգամ՝ առաջինից շատ ավելի լավ արդյունքով՝ 2020 թվականին միլիոնավոր ձայներ ստանալով, քան 2016-ին… Եվ հիմա, որպեսզի մեր երկիրը հաջողակ, ապահով և փառավոր դառնա, շատ հավանական է, որ ևս մեկ անգամ դա անեմ։ Լա՞վ»,- Այովայում կայացած հանրահավաքում ասել է Թրամփը։

Այնուհետև նա ավելացրել է. «Պատրաստվեք, սա այն ամենն է, ինչ ես կասեմ Ձեզ, շատ շուտով։ Պատրաստվեք»։

Նշվում է, որ Թրամփը շարունակում է պնդել, որ ինքը հաղթել է 2020 թվականի նախագահական ընտրություններում, սակայն զրկվել է երկրորդ ժամկետից ձայների կեղծման պատճառով։ Դատարաններում կեղծիքը ապացուցելու և Բայդենի հաղթանակը վիճարկելու նրա բոլոր փորձերը անարդյունք անցան։