Շաբաթ օրվա հանրահավաքն անկյունաքարային նշանակություն ունի (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 1-ին «Հենարան» մամուլի ակումբում խոսեց շաբաթ՝ նոյեմբերի 5-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասին՝ ասելով, որ Հայաստանի քաղաքացիները պետք է այդ օրը դուրս գան սատարելու եղբայր Արցախին և աշխարհին հասկացնելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակում։ Հարցին, թե ինչու Արցախում տեղի ունեցած հանրահավաքից անմիջապես հետո չնախատեսվեց այն իրականացնել, այլ հետաձգվեց մինչև շաբաթ, պատգամավորն ասաց, որ պատճառը հիմնականում կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներն են, որոնք պետք է պատշաճորեն կազմակերպել։

Հանրահավաքներին մասնակցողներն անընդհատ գործողություն են պահանջում։ Ըստ Հայկ Մամիջանյանի՝ շաբաթ օրվա հանրահավաքի բնույթն այնպիսին է, որ դրան մասնակցելն արդեն կարևոր գործողություն է։ Աշխարհը պետք է տեսնի, թե ինչ է ասում և ուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Բանախոսի տեղեկացմամբ՝ մարզերի բնակիչներն ինքնակազմակերպվում են՝ շաբաթ օրը մայրաքաղաք գալու և այդ կարևոր հանրահավաքին մասնակցելու համար։ «Հանրահավաքը հնարավորություն կտա, որ աշխարհը տեսնի՝ արցախյան հակամարտության կարգավորումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների դիվերսիֆիկացիան, Արցախից ձեռքերը լվանալը, Արցախի համար ընդամենը սոցիալական հիմնադրամ դառնալը, ոչ թե անվտանգությա երաշխավոր, այս փոքր մարգինալ խմբակի ցանկությունն է, այլ ոչ թե հայ ժողովրդի»,- նշեց Հայկ Մամիջանյանը՝ հույս հայտնելով, որ զգալի քանակությամբ մարդ կմասնակցի առաջիկա հանրահավաքին։

Մանրամասները՝ տեսանյութում