Եթե տոկոսադրույքը չբարձրացնեինք և դրամն էլ չարժևորվեր, ապա Հայաստանում կլիներ առնվազը 15 % գնաճ. ԿԲ նախագահ

«Դրամի փոխարժեքը տնտեսությունում տեղի ունեցող գործողությունների հետևանք է, այսինքն մենք ունենք միջազգային այցելուներ, որոնց Հայաստան ժամանելու արդյունքում ունենք շատ մեծ արտաքին պահանջարկ»,-հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ այդ միտումն արտահայտվում է տնտեսության մեջ՝ ծառայությունների, առևտրի ոլորտների աճով և դրամի որոշակի արժևորման տենդենցներով:

«Այդ մարդիկ, որոնք տեղափոխվել են Հայաստան, գործարարությամբ զբաղվելու կամ այլ նպատակով, նրանց ծախսման ուղղությունն արժութային են, իրենք մարում են իրենց մոտ եղած արտարժույթը՝ ձեռք բերելով հայկական դրամ»,-ասաց ԿԲ նախագահը:
Գալստյանի խոսքով՝ այն իրավիճակում, երբ Հայաստանում առկա է լողացող փոխարժեք՝  ԿԲ-ը միջամտում է միայն այն դեպքում, երբ զգում է, որ շուկան խեղաթյուրվում է:

Հիշեցնելով, որ ՌԴ-ում սեպտեմբերին մոբիլիզացիա էր հայտարարվել՝ բանախոսը նկատեց, որ դրա հետևանքով Հայաստանում արտարժույթի հոսքը կրկին ավելացել էր, ինչը ԿԲ-ն չէր կարող անարձագանք թողնել, քանի որ այն իր ազդեցությունն է ունենում նաև արժութային շուկայի վրա:

«Գնաճի դեմ պայքարում ենք մի քանի եղանակներով, որոնցից մեկը տոկոսադրույքն է, երկրորդը՝ փոխարժեքը, դրամի արժևորումը, որը բնական պրոցես է, օգնում է գնաճը որոշակիորոն զսպելուն»,-ասաց ԿԲ նախագահը և հայտնեց, որ եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքը համապատասխան չափով չբարձրացնեին, և դրամն էլ այս չափով չարժևորվեր, ապա գլխավոր դրամատան գնահատականներով՝ գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 %-ի շրջակայքում:

«Հիմա 9.9% է գնաճը, և տարվա վերջում ակնկալում ենք 10 % գնաճ»,-հայտարարեց Գալստյանը: