Ցանկության դեպքում Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կարող է հասցվել մինչև 3 մլրդ դոլարի․ Ռաիսի

Երկու երկրների ցանկության դեպքում Իրանի և Հայաստանի միջև միանգամայն հնարավոր է հասնել երեք միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում երկկողմ զրույցից հետո, գրում է IRNA-ն։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի ամիսներին Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների 43 տոկոս աճ է գրանցվել, սակայն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակը 3 միլիարդ դոլար է։

Ռաիսին հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետի այցի ընթացքում հնարավոր կլինի իրականացնել Թեհրանի և Երևանի միջև առևտրային և տնտեսական ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները։