ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, հայտարարել են Կրեմլում

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը Ռուսաստանի միջնորդությամբ շարունակվելու է:

«Շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը»,- Պեսկովի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ նովոստի»-ն:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել պայմանավորվել, որոշ բաներ հանվել են նախօրոք մասնագետների կողմից մշակված հայտարարության տեքստից: ՌԴ նախագահը, սակայն, հրաժարվել է բարձրաձայնել, թե կոնկրետ որ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել: Նա նշել է, որ դրանք կողմերի համար նուրբ և զգայուն հարցեր են, որոնք պետք է քննարկվեն փակ ռեժիմով: