Հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը հարձակում էր նրա ինքնիշխանության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ․ Փաշինյան

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը։

«Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը։ Այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ։ Այդ օրը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբը ինքնաձիգերով սպանեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը»,- Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։