ՀՀ սահմանների նկատմամբ պարտավորությունները, որ վերցվել են, պետք է ի կատար ածվեն․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ հեռուստատեսությունների այդ հայտնի դերակատարների կողմից. մենք ունենք հարձակման հետևանքով 240 զոհ, մենք ունենք մեր սահման ներխուժած օտարերկրյա զորք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանն այդքան մեծ չի, որ հանդուրժի թեկուզ մեկ մետր զիջում և ասի՝ հարաբերություններ ենք հաստատում: Հայաստանը ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում: Հայաստանն  ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների նկատմամբ պարտավորությունները, որ վերցվել են, ի կատար ածվեն և դրա համար անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցիայի չկա, սիրել-չսիրելու հարց րչկա, կան պարտավորություններ, որոնց կատարմանը մենք հետամուտ ենք լինելու և փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար, ԱԺ նախագահն ասաց. «Հայաստանը ենթարկվում է հարձակման և անվտանգության համակարգը, որի մեջ է Հայաստանը, ակնհայտ խնդիրներ է ցուցադրում: Ինձ որևէ մեկի տրամադրությունը, բացի իմ երկրի անվտանգությունից հետաքրքիր չէ: Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ եւ այն պարտավորությունները, որ մեր գործընկերները վերցրել են, պետք է ի կատար ածվեն: Դա է իմ հիմնական նպատակը: Թե ինչ-որ մեկը կնեղանա, թե ինչ-որ պրոպագանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա կամ լավ չի զգա, դա շատ երրորդական, չորորդական հարց է»:

«Հայաստանը և Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ են, ուստի բոլոր գործընկերները պետք է հաշվի նստեն դրա հետ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում