12-15 տարի ազատազրկում` ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների դեպքում․ ՀՀ արդարադատության նախարարության նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել  նախագիծ՝ առաջարկելով Հայաստանի Քրեական օրենսգրքում լրացումներ կատարել։

Նախագծով առաջարկվում է Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություն կատարողին ազատազրկել 12-15 տարի. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է.

«Նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:

Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»։