Բռնագրավեք իմ ունեցվածքը և գնեք ածուխ, քանի որ դժվար ձմեռ է սպասվում․ Մոհամեդ Բաղերի

Արձագանքելով ԵՄ հակաիրանական նոր պատժամիջոցներին, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է. «Բռնագրավեք իմ ունեցվածքը և գնեք ածուխ, քանի որ դժվար ձմեռ է սպասվում»։ Գրում է «Պարս թդեյը»։

Օրերս ԵՄ-ը պատժամիջոցների ցանկում ներառել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամեդ Բաղերիի անունը՝  «Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր առաքելու» պատճառով։

Իր ուղերձում նշելով, որ հասկանում է ամերիկացիների ու եվրոպացիների զայրույթի պատճառը, գեներալ-մայոր Բաղերին ասել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Իրանի զինված ուժերն ընդգրկվեցին պատժամիջոցների ցանկում: Սակայն Իրանի զինված ուժերը պատժամիջոցները վերածեցին հնարավորության»:

ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է. «Մի օր նրանք իրանցի զինվորների համար խնայում էին անգամ փշալարերը, իսկ այսօր հերթ են կանգնել իրանական ԱԹՍ-ներ ու հրթռիներ գնելու համար»:

Նա Եվրամիությանն  առաջարկել է բռնագրավել իր ունեցվածքն ու ակտիվներն աշխարհի տարբեր բանկերում և եվրոպացիների համար ածուխ գնել, քանի որ առջևում ծանր ձմեռ է: