ԵՄ առաքելության աշխատանքը կարող է երկարաձգվել․ Ի՞նչ ռիսկեր է պարունակում սա

Հոկտեմբերի 20-ին կայացած դե-ֆակտո կառավարության նիստի ժամանակ դե-ֆակտո վարչապետը խոսել է ԵՄ քաղաքացիական առաքելության ժամկետների հնարավոր երկարաձգման մասին: Մասնավորապես, ասվել է. «Ի սկզբանե պլանավորված է, որ երկու ամիս պիտի աշխատի դիտորդական առաքելությունը: Եվ մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որ մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»:

Այս առաքելությունը, որի էֆեկտիվությունը դրվում է լուրջ կասկածի տակ, երկարաձգելն առնվազն անմտություն է: Խոսելով պսևդո-փորձագիտական համայնքի մասին` առանց մատնանշելու իրապես փորձագիտական և օբյեկտիվ այն կարծիքները, որոնք բարձրաձայնում են այս առաքելության ոչ արդյունավետության և որոշ առումներով նաև ռիսկային լինելու մասին, դե-ֆակտո կառավարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իր բուն նպատակն ամենևին էլ ՀՀ պետական շահերի առաջմղումը չէ: Իսկ ռիսկերը կապված են առաջին հերթին այն փաստով, որ տարածաշրջան` մասնավորապես հայ-իրանական սահմանին են մոտենում երրորդ ուժեր, որոնց ներկայությունն անըդնունելի է մեր բնական դաշնակցի համար: Այսպիսով, հայկական դե-ֆակտո կողմը հերթական անգամ սեպ է խրում Հայաստանի և իր շահակիցների միջև:

Նաև ուշագրավ է դե-ֆակտո վարչապետի նույն ելույթում տեղ գտած հայտարարություն-ակնարկը. «Պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել, և նախապատրաստող խումբը արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, ինչպես գիտեք, դա լուսաբանվում է»:

Հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ նույն դե-ֆակտո վարչապետը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավար, չի հրավիրում նիստ և հետամուտ չի լինում ՀԱՊԿ առաքելության ուղարկմանը հայ-ադրբեջանական շփման գիծ: Այսպիսով չդրսևորելով օպերատիվություն և այնուհետև դե-ֆակտո ԱԳ նախարարի և այլ իշխանական մանկլավիկների շուրթերով քննադատելով ՀԱՊԿ-ը և ՌԴ-ը, դե-ֆակտո վարչապետը բարձրաձայնում է ինչ-որ հրաշքով օպերատիվ գործելաոճ դրսևորած ԵՄ գործընկերների մասին` շարունակելով զուգահեռաբար նաև սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ:

 

Աղբյուր՝ hayaliq.com