Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան գործարար կապերի հեռանկարները» միջոցառումը

Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան գործարար կապերի հեռանկարները» միջոցառումը, որը կազմակերպել էր «Enterprise Armenia»  հիմնադրամը՝ «Ռուսաստանի արտահանման կենտրոնի» և Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գործող «Արմենիա» տաղավարի հետ համատեղ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Միջոցառման նպատակն էր ՌԴ գործարար շրջանակներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները, երկրում գործարարությամբ զբաղվելու առավելություններն ու ներդրումների համար գրավիչ ոլորտները:

Արման Խոջոյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական ծրագրերը, որոնք միտված են ոլորտում ներդրումներ ներգրավելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

«Enterprise Armenia»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը համառոտ անդրադարձել է ՀՀ ներդրումային դաշտի առանձնահատկություններին, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին: