Մոխրաթաղը շուտով նորակառույց բուժկետ և ջրամատակարարման նոր ցանց կունենա

Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքում ջրամատակարարման ներքին ցանցի անցկացման աշխատանքներ են ընթանում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Նորայր Ամիրյանը՝ հավելելով, որ աշխատանքները կավարտվեն մոտ 10 օրից:

Անդրադառնալով գյուղում իրականացված և ընթացիկ շինարարական մյուս ծրագրերին, համայնքապետը հայտնել է, որ ասֆալտապատվել է գյուղից դեպի շրջկենտրոն տանող 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը:

«Բացի այդ, գյուղի փողոցներն ապահովվել են լուսավորությամբ:

Ջրամատակարարման ցանցի հետ կապված աշխատանքների ավարտից հետո գյուղամիջյան ճանապարհը, որը խողովակներն անցկացնելու պատճառով մասամբ քանդվել է, կրկին կասֆալտապատվի»,-մանրամասնել է Նորայր Ամիրյանը՝ հայտնելով նաև, որ բուժկետի նոր շենք է կառուցվում՝ նախկին վթարայինի փոխարեն:

Ընթացքում է 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով վնասված 5 տան վերանորոգումը:

Ըստ մեր զրուցակցի՝ գյուղում շուրջ 100 ազատ տուն ունեն, որոնցում պատրաստ են ընդունել տեղահանվածների: Այստեղ արդեն իսկ 6 տեղահանված ընտանիք է հաստատվել: Վերանորոգման կարիք ունեն Մոխրաթաղի դպրոցն ու համայնքապետարանը:

«Դպրոցում սովորում է 65 աշակերտ: Գործում է նաև մանկապարտեզ, ուր հաճախում է 18 երեխա»,-ասել է մեր զրուցակիցը: Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը, համայնքի ղեկավարը նշեց, որ մոխրաթաղցիները հիմնականում գյուղատնտեսությամբ են հոգում ընտանիքի ապրուստը: