Ուկրաինան դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը ԵՄ

Ուկրաինան հոկտեմբերի 11-ից դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը ԵՄ հրթիռային հարվածների պատճառով՝ հայտնել են երկրի էներգետիկայի նախարարությունից։ Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական ծառայությունը հայտարարել էր, որ առավոտյան հարվածներից հետո հինգ շրջաններ ամբողջությամբ հոսանքազրկվել են, հարվածների թիրախում հայտնված մնացած շրջանները հոսանքազրկվել են մասամբ։ Զելենսկու գրասենյակը ուկրաինացիներին հորդորել է երեկոյան ժամերին հնարավորինս նվազեցնել էներգիայի սպառումը. չվառել լույսերը և չօգտագործել էլեկտրական տեխնիկա։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը նշել է, որ Կիևը էլեկտրաէներգիա է արտահանել ԵՄ, ինչպես նաև «առանձին գծերով՝ դեպի Մոլդովա և Լեհաստան»։ «Հրթիռային հարվածները հարվածել են ջերմային արտադրության և էլեկտրական ենթակայաններին՝ ստիպելով Ուկրաինային դադարեցնել էլեկտրաէներգիայի արտահանումը 2022 թվականի հոկտեմբերի 11-ից՝ սեփական էներգահամակարգը կայունացնելու համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։