Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին հաղորդումները պետք է հետաքննվեն. Նիդեռլանդների վարչապետ

Հոկտեմբերի 5-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, պատասխանելով Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ պատգամավորների հարցերին, հայտարարեց, որ Նիդեռլանդները սատարում է Եվրամիության մոտեցումը։ Այս մասին հայտնել են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից։

Օրակարգում էին Պրահայում կայանալիք ԵՄ երկու հանդիպումները, մասնավորապես՝ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի նիստը և հոկտեմբերի 7-ին Եվրոպական խորհրդի նիստը:

Բանավեճի ընթացքում, որի մեծ մասը նվիրված էր ուկրաինական պատերազմին, պատգամավորներն անդրադարձան նաև Հայաստանին և Ադրբեջանին Եվրոպական քաղաքական համայնքի նիստին հրավիրելու հարցին։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ վարչապետ Մարկ Ռյուտեն Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնությունները չափազանց մտահոգիչ է անվանել և մատնանշել է ԵՄ դերը հետագա էսկալացիայի կանխման և բանակցությունների վերսկսման գործում։ Նա նաեւ նշել է, որ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները և ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն։

Վարչապետը նշել է, որ Նիդեռլանդները կողմ է անկախ, չեզոք և անաչառ հետաքննությանը։ Նրա խոսքով՝ այդ թեման քննարկվել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում։