Երբ Նիկոլի հանցախումբը տիրել է երկրին…

Երբ Նիկոլի հանցախումբը տիրել է երկրին, պետական ու մասնավոր բազմաթիվ կառույցների գործելակերպը նույնպես, առավել, քան նախկինում, բնորոշվում է անպատասխանատվությամբ, ցինիզմով, ամենաթողությամբ, լկտիությամբ, իսկ որոշ դեպքերում, երբ խոսքը բանկերի կողմից քաղաքացիների բացահայտ թալանի մասին է, նույնիսկ հանցավոր բնույթ ունի:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն այսօր առավոտ ժամը 10-ից և մինչև այս պահը (օրն արդեն ավարտին մոտ է) Երևանի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում հազարավոր մարդկանց զրկել է ջրից, զրկել է առանց իր պաշտոնական կայքում որևէ զգուշացման կամ ծանուցման ինչպես հոկտեմբերի 3-ին, այնպես էլ նախորդած օրը (ամեն ինչ սքրինշոթ արած է): Դրանից կարելի է ենթադրել, որ վերոնշյալ ջրանջատումը պայմանավորված չէ պլանային կամ նախապես նախատեսված ու հայտարարված վթարային աշխատանքներով, այլապես ընկերության կայքում պետք է, որ այդ մասին որևէ ծանուցում կամ զգուշացում լիներ:

Կարծում ենք, կարիք չկա բացատրել, թե ինչ է նշանակում ջուր չունենալը, մանավանդ, երբ դրսում էլ գրեթե ամռան շոգ է, քանի որ բոլորը կպատկերացնեն: Եվ բնավ հետաքրքիր կամ կարևոր չէ, թե ընկերությունը հետո ինչով կպատճառաբանի սպառողների նկատմամբ իր խիստ անպատասխանատու գործելակերպը: Օրինակ, կպատճառաբանի, թե վթար էր եղել:

Վերոնշյալ պատճառաբանությունը բնավ չի կարող արդարացում համարվել. թող ընկերությունում լավ աշխատեին, ժամանակին անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական ներդրումները կատարեին, ոչ միայն ինչ- որ փաստաթղթերով, այլև գործնականում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների բավարար թիմ ունենային, սպառողների նկատմամբ պատասխանատու գործելակերպ դրսևորեին, վթարը կկանխվեր, վթարը չէր լինի: Կարո՞ղ է ինչ-որ դիվերսանտների կողմից Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում ջրագիծը պայթեցվել է, որ համարենք, թե կատարվածում ընկերության մեղքը չկա… Դե, իհարկե, ոչ:

Աստծո կամ բնության տված ջրի սակագինը, որը դեռ մի քանի տարի առաջ պետք է աստիճանաբար նվազեցվեր, ընկերության (նկատի ունենք նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հիմնադիր Ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» կոմանդիտային բաժնետիրական ընկերության կողմից 2006-2016թթ. կառավարված «Երևան Ջուր» ընկերությանը) ուռճացված ծախսերի միջոցով շարունակաբար ավելացվեց (երևի նպատակ ունեն ոչ հեռավոր ապագայում 1 լիտր խմելու ջուրը սպառողներին 1 լիտր «Ջերմուկ»-ի գնով վաճառելու):

Պատճառաբանություն չի կարող լինել նաև այն, թե սպառողները ժամանակին չեն վճարում, պարտքեր ունեն, ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, դրա համար չի կարողանում անհրաժեշտ ներդրումները կատարել: Իսկ ինչու վճարեն, երբ նույնիսկ ոչ բարձրահարկ բազմաբնակարան շենքերում հաճախ չի ապահովվում ջրի բավարար ճնշում, գազաջրատաքացուցիչները չեն աշխատում, մարդիկ ամռան շոգին չեն կարողանում լողանալ:

Ընկերության խայտառակ գործելակերպի մասին է վկայում նաև այն փաստը, որ միայն այս տարի (դեռ չենք նշում նախորդ տարիների մասին) Երևանի հենց նույն` Երևանի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում (դեռ չենք նշում մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների, հանրապետության բազմաթիվ մարզերի, բնակավայրերի մասին), բազմաթիվ վթարային ջրանջատումներ են կատարվել, հունիսին դրանք ուղղակի հաջորդել են մեկը մյուսին: Հենց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության  համաձայն` վերոնշյալ վարչական շրջանում վթարային ջրանջատումներ են կատարվել հունիսի 17-ին, 19-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին (ընդ որում, 22-ին` երեք անգամ կամ 3 վայրում):

Կատարելով հաճախակի ջրանջատումներ, ընկերությունն ամեն անգամ «հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», այդպիսով չարաշահում նրանց համբերությունը:

Ընկերության հետ հեռախոսակապ հաստատելու և պարզաբանում ստանալու փորձերն ապարդյուն եղան, ծանրաբեռնվածության պատճառով օպերատորներից որևէ մեկը չպատասխանեց: Եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կոռումպացված կառույց չէ, ապա ընկերության գործունեությունն ու սույն հրապարակումը չի կարող ուշադրությունից դուրս թողնել ու չձեռնարկել պատասխանատվության միջոցներ:

 

Արթուր Հովհաննիսյան