Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 50 տոկոսով. ՌԴ առևտրային ներկայացուցիչ

2022թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանատությունը կազմել է 2 մլրդ դոլար՝ անցած տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով մոտ 50 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 3-ի հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Նրա գնահատմամբ՝ թվերն ինքնին խոսուն են։ Նա հույս է հայտնել, որ դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև կբազմապատկվի։

«Մեզ համար շատ կարևոր է պահել մեր երկխոսության աստիճանը։ Ռուս-հայկական հարաբերություններն այսօր  շարունակում են առաջանցիկ տեմպերով զարգանալ և կրում են դրական ու ճիշտ կողմնորոշված տնտեսական բնույթ։ Մեզ համար դա շատ կարևոր է՝ նոր իրողությունների հաշվառմամբ։ Շնորհակալություն մեր հայ գործընկերներին, որոնք մեզ հետ սերտ կապի մեջ անցնում են այս ճանապարհը»,- ավելացրել է Դոնչենկոն։

Իր հերթին, «Արտասահման-Էքսպո» միջազգային համագործակցության զարգացման ընկերության տնօրեն Անատոլի Նիկոլաևը պարզաբանել է, որ Ռուսաստանից Հայաստան արտահանումն ավելացել է 42,2 տոկոսով, իսկ հակառակ ուղղությամբ՝ 66 տոկոսով։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում աշխատում է ռուսական կապիտալով  2 200 ձեռնարկություն, դրանց մոտ 40 տոկոսը՝ մեծ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղին», «Արմենալը», «Գեոպրոմայնինգը», «Գազպրոմ Արմենիան» և այլն։

Աննա Դոնչենկոն մատնանշել է Հայաստանում շինարարության ոլորտի ակտիվությունը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի շինարարների միության և Ռուսաստանի շինարարների միության միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ուղղված այս ոլորտում երկու երկրների կապերի ամրապնդմանը։ «Երևանում շինարարական թեմայով ամեն տարի  չորս ճյուղային ցուցահանդես է կազմակերպվում։ Սա շատ կարևոր է»,- նշել է Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչը։