Նիդերլանդներում բացված «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը ճանաչվել է տարվա լավագույն ցուցադրություն

Այս տարվա մայիսին Նիդերլանդների թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում (Drents Museum) բացված «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցադրությունը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդերլանդների՝ տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակը:

Հայաստանի Պատմության թանգարանից հայտնում են, որ ցուցադրությանը ներկայացված են եղել  Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամեերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։

Ամենամյա մրցանակաբաշխությունը մեծ հեղինակություն է վայելում. այն անցկացվում է մի շարք մշակութային հիմնադրամների և հրատարակությունների կողմից:
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսի հետ համատեղ ներկայացված էին Նիդերլանդների պետական թանգարանի, Հաագայի արվեստի թանգարանի, մի շարք հեղինակավոր այլ թանգարաններում անցկացվող ցուցահանդեսներ: