Փալոնը, Փելոսին և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան:

«Այսօր հանդիպել եմ Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Փելոսիի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների հետ։ Քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- գրել է Փալոնը:

Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է, որ Կապիտոլիումում զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:

«Մենք քննարկել ենք Ադրբեջանի հարձակումների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար մասշտաբային ճգնաժամը և ադրբեջանական հետագա ագրեսիայից խոցելի հայ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը»,- գրել է Փալոնը։