ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ

Սեպտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։

ԱԺ-ից հայտնում են, որ կարևորելով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու գործում՝  քննարկել են ընդհանուր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր զարգացումները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։ Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։

Հանդիպմանն ընդգծվել է տարբեր ձևաչափով հաճախակի շփումների անհրաժեշտությունը, որի արդյունքում լուծումներ կտրվեն  հասարակությանը հուզող մտահոգություններին։