Սպանվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում «Ճամբարակ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի, հայտնում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ դին հիվանդանոց է տեղափոխվել Ճամբարակ քաղաքից, սպանվածը Սիփան Սարիբեկյանն է: Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ  օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:

Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան  և հանցագործության գործիք առարկան  հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև  դեպքի վայրը: