Էդմոն Մարուքյանը մոռացե՞լ է՝ երբ ու ինչ էր հայտարարում Զանգեզուրի միջանցքի մասին. 168.am (տեսանյութ)

Մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներում հիմնավորում էր, թե Նիկոլ Փաշինյանը Բերձորը՝ իր հարակից գյուղերով, Ադրբեջանին է տալիս, որ Ադրբեջանին իրենց պահանջած Զանգեզուրի միջանցքը չտան:

«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սուվերեն միջանցք: Հայաստանի Հանրապետությունը չի տալիս այդ միջանցքը: Ինչքան էլ որ շուրջ երկու տարի է՝ տարբեր օղակներ, փորձագետներ, եսիմ ովքեր պնդում են, որ հանձնել է, տվել է, ստորագրել է, եսիմ ինչ են արել, Հայաստանը չի տալիս այդ միջանցքը: Հայաստանն ասում է՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բացում եմ բոլոր կետերը, ոչ մի խնդիր չկա, եկեք բոլոր տեղերով անցեք: Բայց իրենց դա չէ պետք: Իրենց պետք է հող, կրկնում եմ, հողակտոր Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Էդմոն Մարուքյանը:

Նա նաև հարց էր ուղղել ՀՀ քաղաքացիներին:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ուզո՞ւմ են, որ Հայաստանն իր տարածքից զիջում կատարի հանուն նրա, որ, օրինակ, Ադրբեջանն էլ թույլ տա, որ Լաչինի միջանցքում երկար մնանք: Գինը դա է»,- նշել էր նա:

Մարուքյանի այդ խոսքից անցավ մեկ ամիս. Հայաստանը սեպտեմբերի 14-ից գտնվում է հերթական լայնածավալ պատերազմի մեջ: Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում Հայաստանի տարածքների նկատմամբ՝ պահանջելով Զանգեզուրի միջանցքը:

Հիմա՝ հարց. այդ դեպքում Բերձորի միջանցքն ինչո՞ւ ափալ-թափալ հանձնեցիք Ադրբեջանին, եթե պետք է պատերազմով փորձեին ստանալ իրենց ուզածը, ինչո՞ւ Բերձորը, Սուսը, Աղավնոն նվիրեցիք Ադրբեջանին ու մարդկանց ստիպեցիք կրկին տնավեր դառնալ ու բռնել գաղթի ճանապարհը:

Այս հարցերի հասցեատերն այս պահին Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում