Արցախի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ

Սեպտեմբերի 15-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)։

ԱՀ ԱԳՆ տեղեկացմամբ, սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ։

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ։

Քննարկվել է հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող թեմաների լայն շրջանակ։

Նախարարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերն Արցախի զարգացման ու Արցախի ժողովրդի շահերի առաջմղման գործում։

Հանդիպումներին մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։