Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ռուսաստանը անընդունելի է համարում ուժի կիրառումը և կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել ռուսական միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչային ներկայացված զեկույցի և հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական դերը գնահատելու համար:

«Ռուսաստանի Դաշնությունը ծայրաստիճան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանցին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը և դրանից հետո: Դրա հետևանքով մեծ թվով զինծառայողներ են զոհվել, կան տուժածներ նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին: Ուժի կիրառումը անընդունելի ենք համարում և ակնկալում ենք, որ կկատարվեն Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին: Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բարձրացնել լարվածության աստիճանը, ինչպես նաև՝ անշեղորեն պահպանել Ռուսաստանի, Հայաստանի և Հայաստանի առաջնորդների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները», – ասել է Նեբենզյան:

ՌԴ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է Անվտանգության խորհրդի անդամներին, որ Ռուսաստանի ղեկավարությունը սերտ կապի մեջ Բաքվի և Երևանի հետ իրադրության կայունացման նպատակով: Վասիլի Նեբենզյան հույս է հայտնել, որ Սամարղանդում՝ Շանհայան համագործակցության կազմակերպության շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում տվյալ թեման կլինի ուշադրության կենտրոնում:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի կապակցությամբ:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: