ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահման. Պեսկով

ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահման, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել, որքան ես գիտեմ: Այդուհանդերձ, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն դեռ պետք է ձևավորվի, պետք է տեղ հասնի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Պաշտոնական տվյալներով այս պահին կա 49 զոհ։