Փաշինյանը ոչնչացրեց ՀՀ զինված ուժերի մարտունակությունը. թշնամին արդեն գնում է Երևանի ուղղությամբ. Նորատ Տեր-Գրիգորյանց

ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը, մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, հայտարարել է, որ թշնամին Արցախը և Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի:
Զինվորականն այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության գրասենյակում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ կայացած հանդիպում-քննարկման շրջանակում։ Այս մասին հաղորդվում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջում:

«Զգուշացնում եմ՝ Փաշինյանը ոչնչացրեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը, փոխեց դրա կառուցվածքը, որը ես էի ստեղծել: Թշնամին Արցախն ու Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի. նա արդեն գնում է Երևանի ուղղությամբ։ Նրանք բանակը պատրաստում են ՆԱՏՕ-ի չափանիշներով», – ասել է Տեր-Գրիգորյանցը հայ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են ՌՀՄ-ի տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներ, հասարակական գործիչներ, զինվորականներ, լրագրողներ, երիտասարդության, սպորտի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման հիմնական թեման եղել է Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍներ: