ԵՄ-ը սերտ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սահմանին իրավիճակի դեէսկալացման համար․ Տոյվո Կլաար

ԵՄ-ը սերտ կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ սահմանին իրավիճակի դեէսկալացման համար։ Այս մասին իր Twitter-ում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները եւ ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ ԵՄ-ը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ դեէսկալացմանը խթանելու համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: