Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը

Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Այս մասին նշել է ՀԱՊԿ քարտուղարությունը` հայ-ադրբեջանական սահմանի կտրուկ սրացման վերաբերյալ հայտարարություն տարածելով։

«Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի26-ի հայտարարություններում»,–ասված է հայտարարության մեջ:

Տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ:

«Բարձր ենք գնահատում սեպտեմբերի 13-ին ժամը 9:00-ից սկսած շփման գծում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,– Հասված է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի մեկնաբանության մեջ:

Կազմակերպության քարտուղարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: