Փաշինյանն Արցախն արդեն վաճառել է ու հիմա Երևանի տարածքներ է վաճառում․Մամիջանյան
Մենք հիասթափվելու իրավունք չունենք, հիասթափությունը Նիկոլ Փաշինյանից մեծ վտանգ է, այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մարդիկ մոտենում են, ասում են՝ դե ինչ անեմ, թողնեմ գնամ։ Մենք չպիտի գնանք։ Ինքը պիտի գնա»,– հայտարարեց նա։
Մամիջանյանը նշեց, որ Բրյուսելի վերջին հանդիպումներից հետո հրապարակված տեքստերում հիշատակում չկա ո՛չ Լեռնային Ղարաբաղի մասին, ո՛չ գերիների, ո՛չ էլ Արցախի սուբյեկտայնության մասին։
«Վերջնականապես Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները զատվել են ղարաբաղյան հակամարտությունից։ Դա նշանում է, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախից։ Ու մենք դա թույլ տալ չենք կարող»,– ասաց նա։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ պատերազմից հետո ՀՀ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի գնացել Արցախ, որովհետև եթե գնան Արցախ, ստիպված կլինեն պիտի թիկնապահներով շրջեն Արցախում։ «Բայց իրականում չեմ հավատում, որ ամոթից չեն գնում, իրենց տերերը չեն թողնում, որ գնան»,– ասաց նա։
Պատգամավորը նաև դիմեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն միացել ընդդիմությանը՝ նշելով, որ առանց նրանց ընդդիմությունը չի կարող հաղթանակի հասնել և այս իշխանություններին հեռացնել։ «Մենք հիասթափվելու տարբերակ չունենք, մենք գնալու տեղ չունենք, մենք կորցնելու հայրենիք չունենք»,– ասաց նա։