Հայաստանի նկատմամբ մեր սկզբունքային քաղաքականությունը չի կարող փոխվել․ Իրանի դեսպան
Այսօր ճակատագրական օր է Իրանի և Իրանի ժողովրդի համար. սա երկրում 14-րդ նախագահական ընտրություններն են: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Սա ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը հիմնված է Իրանի ժողովրդի քվեի վրա: Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր Իրանի, հանուն առաջադեմ, երջանիկ ու զարգացած Իրանի: Այսօր առավոտյան ժամը 8-ից սկսվել են ընտրությունները, Հայաստանում գտնվող իրանցիները արդեն եկել և իրենց քվեն են տվել, ինչը նշանակում է, որ Իրանի ապագան իրենց համար կարևոր է: Հայաստանում երկու տեղամաս է բացվելու և մեկ շրջիկ քվեատուփ: Տեղամասերից մեկը լինելու է դեսպանատանը, մյուսը՝ Կապույտ մզկիթում:
Ես համոզված եմ, որ Հայաստանում շատ լրջորեն հետևում են Իրանի ընտրություններին և լիահույս եմ, որ կունենանք այնպիսի արդյունք, որը ի նպաստ կլինի թե իմ սիրելի Իրանի ժողովրդի, թե Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների»,-ասաց դեսպանը:
«Մեր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ սկզբունքային է, մենք հարգում ենք Հայաստանի տարածաքային ամբողջականությունը, աջակցում ենք այն, և դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։
Այս սկզբունքային քաղաքականությունը չի կարող փոխվել, անկախ նրանից, թե Իրանում կամ Հայաստանում կառավարությունները կարող են փոխվել»,- ընդգծեց դեսպանը։