Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվեց

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ինչպես և ակնկալվում էր դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։

Շոուն շարունակվում է…»,-գրել է փաստաբանը։

Հիշեցնենք` որ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, ուստի նա ազատ արձակվեց, սակայն Արզումանյանին կալանավորելու միջնորդություն  ներկայացվեց դատարան։

Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։