ԱՄՆ-ում նշել են ամերիկյան քաղաքակրթության մոտալուտ փլուզման հինգ նշանները

Ամերիկյան քաղաքակրթությունը քանդվում է ներսից, ինչի մասին վկայում են Ամերիկայի մոտալուտ փլուզման մի քանի նշաններ, գրում է The Washington Times-ի մեկնաբան Դոն Ֆեդերը։

«Քաղաքակրթությունն ի վիճակի չէ ինքնավերականգնման, այն պահանջում է ջանք և կամք: Ամերիկայում ոչ ոք ոչ ջանք կթափի, ոչ էլ կամք կցուցաբերի»,- ասել է հեղինակը՝ մատնանշելով  ԱՄՆ-ի մոտալուտ փլուզման հինգ նախանշան։

Նախ՝ չվերահսկվող ներգաղթ: Տարեսկզբից ավելի քան երկու միլիոն մարդ է ժամանել Միացյալ Նահանգներ՝ գրեթե երկու անգամ ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։ Ֆեդերը հիշեցրել է, որ սահմանապահները բացել են հարավային սահմանի դարպասները՝ դիմավորելու միգրանտների հոսքը, որը նախկինում հսկվում էր Տեխասի ազգային գվարդիայի կողմից։

Երկրորդ, զանգվածային թալանը հանցագործության վերջին նորամուծությունն է, նշում է Ֆեդերը։ Մարդկանց ամբոխը ներխուժում է խանութներ և այնտեղից հանում այն ​​ամենը, ինչ տեսնում է։ Միևնույն ժամանակ, շատ քաղաքների ոստիկանություններ անտեսում են մանր իրավախախտումները, քանի որ պետական ​​դատախազները ձերբակալվածներին ամեն դեպքում փողոց են վերադարձնում։

Երրորդ նշանը վերնախավերի կողմից այն արժեքների ծաղրն է, որոնք ազգի հիմքն են։ Օրինակ, նա մեջբերում է մի խմբագրական հոդված, որը հայտնվել է Վիրջինիայի համալսարանի ուսանողական թերթում. պահանջելով իր հիմնադրած դպրոցի անունից հանել Անկախության հռչակագրի հեղինակներից Թոմաս Ջեֆերսոնի անունը։

Եվ մեկ խնդիր է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Լրագրողը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ֆենտանիլ արտահանելու մեջ, որը, ըստ նրա, 18-ից 45 տարեկան ամերիկացիների մահվան հիմնական պատճառն է։

Հեղինակը որպես հինգերորդ նշան տեսնում է ծնելիության աղետալի անկումը.

«Առողջ հասարակություններում բնակչությունն աճում է: ԱՄՆ-ում ծնելիության մակարդակն իջել է մինչև ռեկորդային ամենացածր մակարդակի. այժմ վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր ամերիկացու բաժին է ընկնում 1,78 երեխա: Սերունդներին փոխարինելու համար այս ցուցանիշը պետք է լինի առնվազն 2,1… Իլոն Մասկը բնակչության փլուզումն անվանել է «քաղաքակրթության ամենամեծ վտանգը»,- նշել է հոդվածի հեղինակը։

ԱՄՆ-ի անկման ամենավառ նշանը Ֆեդերը անվանել է անօթևանների թվի աճը, որոնցից շատերը հոգեկան հիվանդությամբ կամ թմրամոլությամբ են տառապում:

Հեղինակը հոդվածը եզրափակել է՝ մեջբերելով պատմաբան Ուիլ Դյուրանտին. «Մեծ քաղաքակրթությունը չի կարող նվաճվել դրսից, քանի դեռ այն չի ոչնչացրել իրեն ներսից»: