Անհետ կորածների ընտանիքները սպասում են իրենց հարազատների մասին նորությունների. ԿԽՄԿ (տեսանյութ)

Այսօր Անհայտ կորած անձանց միջազգային օրն է, որի նպատակն է իրազեկել կառավարություններին, համայնքներին, լրատվամիջոցներին և հանրությանը  զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետևանքով անհայտ կորած անձանց խնդրի ու նրանց ընտանիքների վշտի ու կարիքների մասին։ Այսօր մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում անհայտ կորած անձանց ընտանիքներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը:

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում 90-ականներից ի վեր և 2020 թ. սրացումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել է զինվորական և քաղաքացիական ավելի քան 4,900 անձի՝ որպես անհայտ կորած։ Նրանց ընտանիքները շարունակում են ապրել անորոշության մեջ՝ հույսի և հուսալքության սահմանագծին՝ չկարողանալով հաշտվել հարազատների ճակատագրի անհայտության հետ։

Ասում են, որ ժամանակը բուժում է վերքերը, բայց իմ վերքը երբեք չի բուժվում, – ասում Գայանե Հովհաննիսյանը, որի եղբայրն անհայտ կորել է 2020 թ․-ի Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով, – Գիշերը չեմ քնում, ամեն ժամ, ամեն րոպե սպասում եմ Կարենի հետ հանդիպմանը, պատկերացնում եմ, թե ինչպես եմ փաթաթվելու, գրկելու նրան։

ԿԽՄԿ-ի տեսանկյունից՝ թե՛ անհայտ կորած անձինք, և թե՛ նրանց ընտանիքները տուժած կողմ են։ Մենք շարունակում ենք համագործակցել իշխանությունների հետ՝ աջակցելու խնդրին արձագանքման նրանց կարողություններին, ինչպես նաև խրախուսելու վերջիններիս որդեգրել որոնողական ջանքերին նպաստող, ընտանիքներին և նրանց հարազատների արժանապատվությունը պաշտպանող քաղաքականություններ։ ԿԽՄԿ-ն և իր Որոնման կենտրոնական գործակալությունը համակարգում են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման ջանքերն ամբողջ աշխարհում՝ ընտանիքների վերամիավորմանն աջակցելու և անհայտ կորած անձանց խնդրի հետևում հաճախ անտեսված մարդկային դժբախտություններին ուշադրություն հրավիրելու նպատակով։

Արտահայտում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին, – ասում է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, – Երբ որևէ մեկը անհայտ կորում է, ընտանիքն իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվել նրա հետ։ Անհայտ կորած անձի ճակատագիրը պարզելը նախևառաջ մարդասիրական գործողություն է, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքով ամրագրված պետության պարտավորություն։ Ժամանակն այս հարցում անզոր է բուժել, պատասխաններ են անհրաժեշտ։ Ուստի մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին այս կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ առաջընթացի հարցում։

Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած իր հանձնագրին համահունչ՝ ԿԽՄԿ-ն իր փորձագիտական աջակցությունն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտությունից տուժած տարածաշրջանին՝ հանդես գալով որպես չեզոք միջնորդ և խրախուսելով կողմերին անելու հնարավորինը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ։

ԿԽՄԿ-ը չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքը և արժանապատվությունը։ Կազմակերպությունը իրականացնում է իր մարդասիրական գործունեությունը տարածաշրջանում 1992 թ.-ից Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։