Ղրիմի վերադարձը պետք է լինի Մոսկվայի և Կիևի համաձայնագրի հիմքում, հայտարարել է Անկարան
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային, Անկարայի դիրքորոշման համաձայն, պետք է լինի Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած համաձայնագրի մաս։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել 2014 թվականից ի վեր։ Ղրիմը Ուկրաինայի մասն է, դա պետք է հիմք լինի ցանկացած համաձայնագրի կնքման համար»,- ասել է Քալինը CNN-ին տված հարցազրույցում։
Ղրիմը դարձել է ռուսական շրջան 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում՝ 95,6%-ը կողմ են արտահայտվել Ռուսաստանին միանալուն։ Ուկրաինան դեռ Ղրիմը համարում է իրենը, բայց ժամանակավորապես օկուպացված։
Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ–ի կանոնադրությանը լիովին համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»։