Արցախում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ
Արցախի Հանրապետությունում շուտով կմեկնարկի նոր՝ 2022-2023 ուսումնական տարին: ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը՝ նախարարի կարգադրությամբ, պատրաստվում է «Ուշադրությու՛ն, երեխաներ են» ուժեղացված տասնօրյակին: Այս մասին ասված է ՆԳՆ ոստիկանության ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի հայտարարության մեջ:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ներքին գործերի նախարարությունը շնորհավորում է գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և հիշեցնում, որ սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը Հանրապետությունում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրությու՛ն, երեխաներ են» կարգախոսով:
Այդ ընթացքում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերակարգերը ավելի կմոտեցվեն դպրոցներին և նրանց մերձակա խաչմերուկներին: Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայողները կլինեն կրթօջախներում և կանցկացնեն դասախոսություններ՝ երթևեկության կանոնների վերաբերյալ:
Ծնողներին հորդորում ենք երեխաների նկատմամբ լինել ավելի ուշադիր և հատկապես նրանց ներկայությամբ խուսափել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներից:
Տասնօրյակի և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ճանապարհային անվտանգ երթևեկություն կազմակերպելու և դժբախտ պատահարներից զերծ մնալու համար, ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում երթևեկության մասնակիցներին լինել ուշադիր և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ: