Ուկրաինան մոտ էր ՌԴ քաղաքները Չեռնոբիլի վերածելու հնարավորությանը, Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն այլընտրանք չուներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում իրավիճակն «անկայուն է»։ Այդ մասին Գրոսսին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը հայտարարել է գերմանական «Deutsche Welle» մեդիաընկերությանը տված հարցազրույցում։

Գրոսսին միաժամանակ նշել է, որ չնայած Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ԱԷԿ այցելելու թույլտվությանը (իրականում ոչ միայն թույլտվություն է եղել, այլև այցելելու հրավեր), ներկա պայմաններում նման ուղևորություն կազմակերպելը բարդ խնդիր է, իսկ պատճառն այն է, որ ատոմակայանը գտնվում է մարտական գործողությունների գոտում, բացի այդ, առաքելությունը պետք է վերահսկվի ոչ միայն ՄԱԿ-ի, այլև Ուկրաինայի կողմից, որը, ըստ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, «ԱԷԿ-ի միակ լեգիտիմ սեփականատերն է»։

Այնուամենայնիվ, եթե հավատանք Գրոսսիին, նա մտադիր է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել ատոմակայանի տարածք ՄԱԳԱՏԷ-ի առաքելություն կազմակերպելու հարցը և ակնկալում է առաքելության մոտալուտ մեկնումը։

Նկատի ունենալով, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը գործակալության կառավարիչների խորհրդի դեռ հունիսի 6-ի նիստում էր ասել, որ գործակալությունն աշխատում է պայմաններ ստեղծել Զապորոժիեի ԱԷԿ փորձագետների առաքելություն ուղարկելու համար, բայց մինչև հիմա այդ պայմանները չի ստեղծել, քիչ հավանական է, որ ՄԱԳԱՏԷ-ն առաջիկայում ընդհանրապես ստեղծի անհրաժեշտ պայմանները` իր առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ ուղարկելու համար:

Մանավա՛նդ, որ Գրոսսին ասել է, որ Ուկրաինան «ԱԷԿ-ի միակ լեգիտիմ սեփականատերն է», իսկ Ուկրաինայի ատոմային էներգիա արտադրող ազգային «Energoatom» ընկերությունը, որի առանձին ստորաբաժանումն է Զապորոժիեի ԱԷԿ-ը 1996 թվականից, դեմ է արտահայտվել վերոնշյալ ատոմակայան ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այցին` նշելով, որ Գրոսսիին չի հրավիրել Զապորոժիեի ԱԷԿ, ավելին` արդեն մերժել է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը։

«Energoatom»-ի մերժումը, կարծում ենք, Զապորոժիեի ԱԷԿ փորձագետների առաքելություն ուղարկելու հարցում ՄԱԳԱՏԷ-ի հապաղումը նույնպես պայմանավորված են նրանով, որ այնտեղ փորձագետների աշխատանքի դեպքում կհաստատվի, որ Կիևը Զապորոժիեի ԱԷԿ-ում ռադիոլոգիական զենք ստեղծելու արգելված աշխատանքներ է կատարել, մինչդեռ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ուկրաինայի արևմտյան մյուս կուրատորների և ուղղորդողների համար, որոնցից կախված է պաշտոնապես անկախ ՄԱԳԱՏԷ-ն, տվյալ բացահայտումը հույժ անթույլատրելի է:

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենամեծն է Եվրոպայում, այն արտադրել է Ուկրաինայում ամբողջ էլեկտրաէներգիայի քառորդ մասը: Վեց էներգաբլոկից բաղկացած ատոմակայանի հզորությունը կազմում է մոտ 6 հազար մեգավատ։ Ուկրաինայի կողմից վերահսկվող ատոմակայանը 2022թ. մարտից վերահսկողության տակ են վերցրել ռուսական ուժերը։ Այժմ ԱԷԿ-ն աշխատում է իր ողջ հզորության 70%-ով, քանի որ Զապորոժիեի մարզի ազատագրված տարածքում կա արտադրվող էլեկտրաէներգիայի ավելցուկ։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս տարվա դեռ մարտին ասել էր, որ Արևմուտքը խրախուսում է Կիևի դիվերսիաները միջուկային օբյեկտների դեմ:

«Իր իսկ միջուկային օբյեկտների դեմ հարձակումներն արդեն դառնում են Ուկրաինայում իշխող վարչակարգի այցեքարտը,- պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, ասել էր Զախարովան :- Դրա մեղավորությունն ամբողջությամբ ընկած է Կիևի, Վլադիմիր Զելենսկու ամերիկացի տերերի և ՆԱՏՕ-ում ԱՄՆ վասալների վրա է։ Առանց այդպիսի աջակցության, այդ սադրանքները կկորցնեին իրենց իմաստը» (Զախարովայի պատասխանն ՌԴ ԱԳՆ-ն տարածել է մարտի 11-ին)։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ, «Արևմտյան քաղաքական արկածախնդիրները, որոնք խրախուսում են Զելենսկու գործողությունները, սպառնալիքի տակ են դնում ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի, այլև ողջ Եվրոպայի քաղաքացիների կյանքը»:

Ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ` «Հարվածելով Զապորոժիեի ԱԷԿ-ին, Կիևը խոչընդոտում է իր զանգվածային բնաջնջման զենքի ստեղծման աշխատանքների բացահայտմանը» հրապարակման մեջ, Ուկրաինայում, բացահայտված փաստերի համաձայն, զուգահեռաբար աշխատանքներ են տարվել ռադիոլոգիական զենքը ՌԴ տարածքում գտնվող թիրախներին հասցնելու համար թռիչքի մեծ հեռավորություն ունեցող հրթիռներ ստեղծելու նպատակով:

Ուկրաինան աշխատել է գոյություն ունեցողների արդիականացման և նոր հրթիռային զինատեսակների ստեղծման վրա, որոնք կարող են օգտագործվել որպես միջուկային զենք առաքելու միջոց: Այս տեղեկությունը ս. թ. մարտի սկզբին TASS-ի հետ զրույցում  հայտնել է ռուսական գերատեսչություններից մեկի աղբյուրը։ Նա նշել է, որ այս զարգացումների մեծ մասը Կիևը ծածկում (թաքցնում) է այլ երկրների հետ համատեղ նախագծերի իրականացմամբ։

«Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի հետ հրթիռային ոլորտում համագործակցության մասին, որում հիմնական դերը պետք է կատարեն ուկրաինական «Յուժմաշզավոդ» հրթիռա- տիեզերական ձեռնարկությունը և «Յուժնոյե» կոնստրուկտորական բյուրոն` նախկինում մասնակցած խորհրդային միջուկային սպառազինության ստեղծմանը,- նշել է TASS-ի աղբյուրը։- Այս համագործակցության հիմնական նպատակը շարժական համալիրի ստեղծումն է` հանդերձավորված մինչև 1500 կմ հեռահարությամբ կարծրվառելիքային բալիստիկ հրթիռով»:

Ըստ աղբյուրի տեղեկությունների, «Յուժմաշզավոդ»-ը Սաուդյան Արաբիայի միջոցներով իրականացնում է նաև «Գրոմ-2» ցամաքային բազայավորման շարժական հրթիռային համալիրի մշակումը։

«Արտահանման տարբերակում «Գրոմ-2»-ը, ըստ Կիևի, կունենա մինչև 280 կմ հեռահարություն։ Սակայն, ըստ փորձագետների, կա հնարավորություն այն արդիականացնելու` կրակի հեռահարությունն ավելի քան 500 կմ (որոշ հաշվարկներով` մինչև 1000 կմ) ավելացնելու նպատակով»,- հավելել է նա։

Աղբյուրը նաև ընդգծել է, որ հրթիռային տեխնիկայի թռիչքային փորձարկումների իրականացման համար 2017 թվականից Ուկրաինայի Օդեսայի մարզում շահագործվում է «Ալիբեյ» հրթիռային փորձադաշտը:

Առկա տեղեկությունների համաձայն, Ուկրաինան հասցրել է պատրաստել և ունենալ «Գրոմ-2» օպերատիվ- մարտավարական հրթիռային համալիրի միայն մեկ արձակման սարքավորում, դրա հրթիռների մասին որևէ խոսք չկա: Հուսանք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունը մեկընդմիշտ վերջ է տվել Կիևի վերոնշյալ ծրագրերին:

 

Արթուր Հովհաննիսյան