Հարվածելով Զապորոժիեի ԱԷԿ-ին, Կիևը խոչընդոտում է իր զանգվածային բնաջնջման զենքի ստեղծման աշխատանքների բացահայտմանը

Բացահայտմանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից… Ռուսաստանի համար վերոնշյալ աշխատանքներն արդեն բացահայտված են, կարևորը Զապորոժիեի ԱԷԿ-ում դրանց իրականացման ընդունումը կամ հաստատումն է ՄԱԳԱՏԷ-ի կողմից:

Մինչ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկը, գուցե նաև դրանից էլ դեռ որոշ ժամանակ հետո` մինչև Ռուսաստանի ԶՈւ-ի կողմից Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողության հաստատումը, պաշտոնական Կիևը Զապորոժիեի ԱԷԿ-ում արգելված աշխատանքներ է իրականացրել զանգվածային բնաջնջման զենքերի խմբին պատկանող ռադիոլոգիական զենքի` կեղտոտ միջուկային ռումբի և բարձր ռադիոակտիվության նյութերով հագեցած մարտագլխիկների ստեղծման ուղղությամբ:

Ռադիոլոգիական զենքը սովորական պայթուցիչով ռումբ կամ մարտագլխիկ է, որում ներառված ռադիոակտիվ նյութերը պայթյունի հետևանքով ցրվում են մեծ մակերեսով՝ առաջ բերելով տեղանքի կամ շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտում` վտանգավոր մարդկանց ու կենդանիների առողջության ու կյանքի համար:

Ուկրաինայում, բացահայտված փաստերի համաձայն, զուգահեռաբար աշխատանքներ են տարվել ռադիոլոգիական զենքը ՌԴ տարածքում գտնվող թիրախներին հասցնելու համար թռիչքի մեծ հեռավորություն ունեցող հրթիռներ ստեղծելու նպատակով: Ռուսաստանի ռազմական հետախուզությունը և ԱԴԾ-ն, իհարկե, քնած չէին, ու կարող ենք ենթադրել, որ նախապես տեղյակ լինելով այս ամենին, զեկուցել են այդ մասին երկրի գերագույն գլխավոր հրամանատարին, ինչն էլ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը սկսելու պատճառներից մեկն է եղել, որպեսզի կանխվի ուկրաինական ռադիոլոգիական զենքի ստեղծումը:

Կարող է լինել երկու բացատրություն, թե որն է եղել վերոնշյալ զենքի ստեղծման Զելենսկու, հնարավոր է նաև` նրա արևմտյան ուղղորդողների նպատակը:

Առաջինի համաձայն` նպատակն եղել է ստեղծել և ունենալ այնպիսի զենք, որը թույլ կտա զսպել Ռուսաստանին, եթե վերջինս փորձեր Դոնբասի հանրապետություններին պաշտպանել Կիևի ագրեսիայից, որը ծրագրվում էր իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեմ լայնամասշտաբ պատերազմով` նրանց հարկադրաբար Կիևի վերահսկողությանը վերադարձնելու նպատակով: Ուկրաինան, արտաքին հանգամանքներով պայմանավորված, չկարողացավ այդ պատերազմը սկսել այն ժամանակ, երբ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտած կլիներ:

Երկրորդ բացատրության համաձայն` Դոնբասի դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելուց հետո, երբ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակչության (մեծ թվով նաև ՌԴ քաղաքացի) կյանքը պաշտպանելու, նրանց գոյությունն ապահովելու նպատակով, պատերազմում հարկադրաբար կներքաշվեր նաև Ռուսաստանը, Կիևը, առանց Մոսկվային նախազգուշացնելու, ՌԴ քաղաքներից մի քանիսին կհարվածեր ռադիոլոգիական զենքով, ինչը ծանր վնաս պատճառելով Ռուսաստանին, պատերազմի պարտադրած ծախսերի, Արևմուտքի պատժամիջոցների, Ռուսաստանում շարունակական ահաբեկչությունների և այլ գործոնների հետ միասին կարող էր նախադրյալ հանդիսանալ Ռուսաստանի հյուծման և աստիճանական փլուզման համար (հիշենք, թե ինչ ծանր հետևանքներ ունեցավ Չեռնոբիլյան աղետը ԽՍՀՄ-ի համար):

Հուլիսի 13–ին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրեց, որ Ուկրաինայի իշխանություններն իրենց հսկողության տակ Զապորոժիեի ԱԷԿ-ի գտնվելու ժամանակ արգելված փորձարկումներ են իրականացրել Զապորոժիեի այնտեղ: Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:

«ԱԷԿ-ում Պորոշենկո-Զելենսկի ռեժիմի կողմից արտոնվել են արգելված փորձարկումներ, սկսած մեծ քանակությամբ միջուկային նյութերից, որոնք անհրաժեշտ չեն կայանի աշխատանքի համար ու չէին կարող հայտնվել նրա ռեակտորների աշխատանքի արդյունքում, և վերջացրած մի շարք այլ հետաքրքիր պահերով»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռոգովը:

Նրա խոսքով՝ կանոնակարգի համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները պետք է գրանցեն Կիևի ռեժիմի բոլոր անօրինական գործողություններն ատոմակայաններում։

«Հենց որ հայտնի դարձավ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության՝ Զապորոժիեի ատոմակայան այցելելու ցանկության մասին, Զելենսկին հրաման տվեց սկսել Էներգոդարի հրթիռակոծումը,- ասել է հիշյալ խորհրդի անդամը:- Նա այդ քայլին դիմեց՝ քաղաքում վտանգավոր իրավիճակի պատրվակով խոչընդոտելու ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր ժամանումը, դրանով իսկ ահաբեկելով օտարերկրյա մասնագետներին և շարունակելով թաքցնել Զապորոժիեի ԱԷԿ-ում իր արգելված մանիպուլյացիաները ռադիոակտիվ նյութերով»։

Ռոգովի խոսքով` Կիևի ռեժիմը վախենում է ատոմակայանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի համար կեղտոտ ռումբերի ստեղծման վերաբերյալ պաշտոնական հետաքննությունից։

Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի լույս 12-ի գիշերը երկու կամիկաձե ԱԹՍ- ներով, 120 միլիմետր տրամաչափի երկու ականի կիրառմամբ հարվածել են Էներգոդար քաղաքի բնակելի շենքերին, որտեղ ապրում են ատոմակայանի աշխատակիցները, ԱԷԿ-ը նույնպես գտնվում է նշված քաղաքում, թեև անվանակոչված է ոչ հեռու գտնվող և ավելի մեծ քաղաքի` Զապորոժիեի անվամբ: Հարվածի հետևանքով վնասվել են շենքի տանիքը և ապակիները: Քաղաքի ռազմաքաղաքացիական վարչակազմում «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են նաև, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են Էներգոդարին ուղղված ուկրաինական մեկ այլ ԱԹՍ։

Նույն օրը մեկնաբանելով ուկրաինացի նեոնացիստների կազմակերպած հարձակումը, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այն Կիևում արևմտյան կուրատորների կողմից կազմակերպված սադրանք է, որը վտանգում է միլիոնավոր ուկրաինացիների:

«Սա Կիևի ռեժիմի առաջին ցինիկ սադրանքը չէ ռադիացիոն վտանգավոր օբյեկտներում` կազմակերպված արևմտյան կուրատորների կողմից, որոնք իրացնելով իրենց հանցավոր նպատակները, Կիևի ձեռքով վտանգի են ենթարկում Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիների»,- ասել է ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

Գեներալը կոչ է արել համաշխարհային հանրության երկրներին, ՄԱԿ-ին, ՄԱԳԱՏԷ-ին և այլ միջազգային կազմակերպություններին` ազդել պաշտոնական Կիևի վրա և արդյունավետ միջոցներ ձեռնարկել պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում սադրանքները կանխելու համար։ Իսկ ի՞նչ կատարվել դրանից հետո…

Հուլիսի 20-ին Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ներն օրվա ընթացքում չորս անգամ հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա։ Հարվածներից մեկից հետո հրդեհ է բռնկվել, կայանի 11 աշխատակից տուժել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ռոգովի խոսքով, որը մեջբերել է «РИА Новости»-ին, այն գոտին, որտեղ գտնվում են ռեակտորները, չի տուժել։

Հիշյալ ԱԷԿ-ի անմիջական հարևանությամբ Ուկրաինայի ԶՈւ հարվածների առնչությամբ Զապորոժիեի մարզի ռազմաքաղաքացիական ​​վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին նշել է, որ պայթյունները տեղի են ունենում ատոմակայանի ենթակառուցվածքի մոտակայքում, ինչն արտակարգ, այդ թվում՝ տեխնոլոգիական և վթարային իրավիճակների առաջացման վտանգ է ներկայացնում։ Նրա խոսքով՝ այդ գործողությունները վտանգում են ոչ միայն երկիրը, այլև ողջ Եվրոպան։

ՌԴ արտգործնախարարությունը հուլիսի 27-ին նախազգուշացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով տեխնածին աղետի վտանգի մասին։

«Երևում է, որ Կիևում ոչ ոք անհարմար չի զգում միջուկային օբյեկտներին կրակելու պրակտիկայից,- հուլիսի 27-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։- Ակնհայտ է, որ ուկրաինական կողմը գիտակցաբար գործը տանում է դեպի մեծածավալ տեխնածին աղետ»։

Նեչաևի խոսքով` Ուկրաինայի զինված ուժերը հարվածում են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանին` խախտելով ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի որոշումները։ Ինչպես ընդգծել է դիվանագետը, տեղի ունեցողը լիովին բավարարում է Վաշինգտոնին:

Չնայած Նեչաևի հայտարարությանը և նրան, որ Մոսկվան դեռ հուլիսի 25-ին Կիևի իշխանություններին նախազգուշացրել է Զապորոժյեի ԱԷԿ-ի տարածքում հետագա սադրանքների առնչությամբ, Ուկրաինայի հարվածային ԱԹՍ-ն հուլիսի լույս 28-ի գիշերը նույնպես հարձակվել է այն բնակավայրի վրա, որտեղ ապրում են Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցները: Ինչպես «РИА Новости»-ին հայտնել է Էներգոդարի վարչակազմի ներկայացուցիչը, ԱԹՍ-ն հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցներով բնակեցված Էներգոդարի Սոսնովի Բոր ավանի վրա: Ահաբեկչության հետևանքով վնասվել է Պրիդնեպրովսկայա փողոցի բնակելի շենքը։

Ավելի վաղ ուկրաինական զորքերը քանիցս հարձակվել էին Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի վրա։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Կիևը նման գործողություններով սպառնալիքներ է ստեղծում ատոմային օբյեկտների համար ու փորձում է սադրել միջուկային աղետ Եվրոպայում: Ռուսաստանը ԱԷԿ-ի տարածքի վրա ԱԹՍ- ների հարձակումների առչությամբ պաշտոնապես դիմել է ՄԱԳԱՏԷ-ին, ու մինչ սպասում է միջազգային հանրության արձագանքին, Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է հարձակումները` նպատակ ունենալով խոչընդոտել ՄԱԳԱՏԷ-ի առաքելության ժամանումը ԱԷԿ, ինչին հաջորդելու է վերջինիս կողմից հաստատումը, որ Ուկրաինայի իշխանություններն այնտեղ իսկապես զբաղվել են ռադիոլոգիական զենքի ստեղծման աշխատանքներով:

ԱԷԿ-ի տարածքին հասցվող հարվածներից հետո Էներգոդարում ուժեղացվել է ՌԴ ՀՕՊ ուժերի խմբավորումը։ Կկարողանա այն ոչնչացնել բոլոր փոքրաչափ, դժվար նկատվող և որսվող կամիկաձե- ԱԹՍ-ներին դրանց խմբակային հարձակման դեպքում, ցույց կտա ժամանակը:

 

Արթուր Հովհաննիսյան