Էսօր կփորձեն ինձ նորից կալանավորել. Փաշինյանն անձնական պատճառով է ինձ հետապնդում․ Չալաբյան (տեսանյութ)

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը նախքան դատական նիստի մեկնարկը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն այսօր կփորձեն կալանավորել։

«Այն, որ սա քաղաքական հետապնդում է, այն, որ սա տարածվում է ընտանիքիս մյուս անդամների նկատմամբ, որևէ կասկած չկա,-ասաց նա։- Դուք գիտեք՝ երեկ եղբայրս հայտարարեց, որ ինքը հեռանում է Կենտրոնական բանկից։ Նա չի հեռանում Կենտրոնական բանկից․ 18 տարի աշխատելուց հետո, լինելով էդ բանկի առավել հեղինակավոր, պատկառելի և փորձառու ղեկավարներից մեկը, նա ստիպված է եղել հեռանալ, քանի որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ՝ դա նրանից պահանջել են և պահանջել են բացարձակ ապօրինի»,-ասաց Չալաբյանը և հավելեց, թե քանի որ այդ «միջամտությունը» ապօրինի է, ժամանակը կգա, և մեղավորները պատասխան կտան։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորված էր մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով, որը լրանալուց հետո՝ հուլիսի 27-ին ազատ արձակվեց։ 

«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացությունն այպիսին է. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:

Մանրամասները՝ տեսանյութում