Ռուսաստանի և Հայաստանի համար բախտորոշ պահը մոտ է. 2

Սկիզբը` այստեղ 

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն արևմտյան երկրների կողմից ստեղծված և Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը համակարգող խմբի հուլիսի 20-ի նիստում, «Известия»-ի տեղեկացմամբ, հայտարարել է.

«Խոսքը գնում է հակամարտության վճռորոշ փուլի մասին։ Ուստի մեր հավաքական աջակցությունն Ուկրաինային ունի կենսական կարևորություն, պետք է լինի անհապաղ»։

Միաժամանակ նկատի ունենալով Պենտագոնի ղեկավարի հայտարարության մյուս մասը, որ «…Խումբը կշարունակի գտնել նորարարական ուղիներ՝ ապահովելու Ուկրաինայի զինված ուժերին երկարաժամկետ աջակցություն», չի կարելի բացառել, որ Կիևի կողմից օգոստոս- սեպտեմբերին նախատեսվող Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ձախողումից հետո էլ ԱՄՆ-ը ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքը շարունակեն իրենց ռազմական օգնությունն Ուկրաինային` Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացի զինվորը կռվելու իրենց քաղաքականությանը հավատարիմ:

Ինչպես արդեն նշել ենք այս հրապարակման նախորդած մասում, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար Ադամ Սմիթն անցյալ շաբաթ Ուկրաինայում երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո (հանդիպմանը մասնակցել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը) հայտարարել է, որ Կիևը մտադիր է առաջիկա 3-6 շաբաթվա ընթացքում հակահարձակման անցնել վերադարձնել կորցրած, ռուս զինվորականների կողմից օկուպացված տարածքները, հատկապես Ուկրաինայի հարավում։

Թե ուկրաինական, թե ռուսական կողմից դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա Ուկրաինայի ԶՈւ հակահարձակման մասին, սակայն երեկ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներից հայտնի դարձավ, որ ուկրաինացի զինվորականներին հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը հաջողվել է Խերսոնի մարզում (Ուկրաինայի հարավ) շարքից հանել Դնեպրի վրա գտնվող ու կարևոր նշանակություն ունեցող Անտոնովի կամուրջը, որից հետո կամրջով երթևեկությունն ամբողջովին արգելափակվել է: Վերջին անգամ կամրջին հրթիռային հարվածներ են հասցվել հուլիսի 20-ին, որի հետևանքով այն թեև նույնպես վնասվել էր, բայց ոչ այն աստիճանի, ինչ անցած գիշերվա հարվածների արդյունքում:

Ուկրաինական զորքերը չորեքշաբթի գիշերը վերջին օրվա ընթացքում երրորդ անգամ հրթիռային հարձակում են իրականացնել Խերսոնի վրա։ Հրթիռների մեծ մասը որսվել է ՀՕՊ համակարգերի կողմից, սակայն ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) հրթիռների մի մասը հասել է կամրջին: Ընդհանուր առմամբ, կամրջի ուղղությամբ արձակվել է HIMARS-ի 11 հրթիռ։

Դնեպրով անցնող, ավտոտրանսպորտի և հետիոտնի համար նախատեսված Անտոնովի կամուրջը՝ 1366 մետր ընդհանուր երկարությամբ, շահագործման է հանձնվել 1985 թվականին։ Կառույցի լայնությունը 25 մետր է, այն հիմնական տրանսպորտային զարկերակն էր Դնեպրի աջ և ձախ ափերի միջև։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ կրակում են ամերիկացի մասնագետները»,- երեկ ասել է Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը, որը կամրջի հուլիսի 20-ի հրթիռակոծությունից հետո նույնպես հանդես էր եկել նույնաբովանդակ հայտարարությամբ:

Ստրեմուսովի տեղեկացմամբ, այժմ զինվորականները քայլեր են ձեռնարկում նոր անցումներ ստեղծելու ուղղությամբ։ Երթևեկությունը կիրականացվի լաստանավերի և ռազմական պոնտոնային կամուրջների օգնությամբ։ Վարչակազմի ղեկավարի տեղակալն ասել է նաև, որ Ուկրաինայի ԶՈւ-ն փորձել է հարվածել նաև Դնեպրով անցնող երկաթուղային կամրջին, սակայն մանրամասներ չի հայտնել։

Ուկրաինայի ԶՈւ-ն, ավելի ճիշտ, Ուկրաինայում գործող ամերիկյան մասնագետները HIMARS ՀԿՌՀ-ները բավական արդյունավետ են օգտագործում, դրանց արդյունավետ օգտագործումն արձանագրվել է նաև ԱՄՆ ռազմական ղեկավարության կողմից: ԱՄՆ-ը HIMARS ՀԿՌՀ-ների առաջին խմբաքանակը Ուկրաինային է փոխանցել հունիսի 2-րդ կեսից, մինչ օրս, տարբեր հրապարակումների համաձայն, Ուկրաինային է տրվել 12-16 HIMARS, անցած ուրբաթ հայտարարել է ևս չորս HIMARS ՀԿՌՀ-ների առաջիկա առաքման մասին։

Բացի վերոնշյալից, Զելենսկու և Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ ԱՄՆ կոնգրեսականների երկկուսակցական խմբի հանդիպումից հետո Ադամ Սմիթը հուլիսի 23-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է 25- 30 HIMARS ՀԿՌՀ-եր և MLRS-եր (Multiple Launch Rocket System- համազարկային կրակի հրթիռային համակարգեր) Կիև տեղափոխելու մտադրության մասին: ՌԴ ԶՈւ-ին հուլիսի 5-ից մինչ օրս հաջողվել է ոչնչացնել HIMARS ՀԿՌՀ-երի ընդամենը չորս արձակման կայանք և մեկ լիցքավորող մեքենա:

Կհաջողվի՞ Ռուսական բանակին հետ մղել Ուկրաինայի ԶՈւ առաջիկա հակահարձակումը ու շարունակել հատուկ ռազմական գործողությունը մինչև դրա հայտարարված նպատակների իրագործում: Կարծում ենք, այո, թեև գաղտնիք չէ, որ Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև նրա միջոցով, այսինքն` միջնորդավորված կերպով (պրոքսի պատերազմ)` ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, Եվրամիությունը, ԱՄՆ-ի գլխավորած հավաքական Արևմուտքը:

Վերոնշյալի առումով առաջիկա մի քանի ամիսները կարող են բախտորոշ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ու նրա ետևում կանգնած Արևմուտքի համար: Նաև` Հայաստանի, որովհետև Ուկրաինայի ԶՈւ-ի, ԱՄՆ-ի և Արևմուտքի հաջողության դեպքում կասկածից գրեթե դուրս է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի դրդմամբ կամ պահանջով մեր տարածաշրջանում կսադրի մեծ պատերազմ, որում կընդգրկվեն նաև Ռուսաստանը և Թուրքիան, ՌԴ-ի համար կբացվի 2-րդ ճակատը և կառաջանա շատ ծանր իրավիճակ: Ադրբեջանն ու Թուրքիան այժմ դեռ չեն համարձակվում այդ քայլին գնալ, որովհետև Ռուսաստան- Ուկրաինա և Արևմուռք ռազմական հակամարտության ընթացքում բեկումնային պահը դեռ չի եկել ու հայտնի չէ վճռորոշ մարտերի արդյունքը:

Գուցե սխալվում եմ, բայց թվում է, որ Դիմադրության շարժման վճռական գործողությունները նույնպես կախված են Ուկրաինայում ռազմական հակամարտության վճռորոշ փուլի արդյունքից, իսկ թե ինչու, կարծում եմ, արդեն հասկանալի է:

 

Արթուր Հովհաննիսյան