Ռուսաստանի և Հայաստանի համար բախտորոշ պահը մոտ է

Պատմությունը կարծես կրկնվում է… Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության համար ճակատամարտերից հիմնականը, բեկումնայինն ու բախտորոշը Ստալինգրադի ճակատամարտն է եղել: Ռազմական գործողությունները, որոնք խորհրդային բանակների համար սկզբում եղել են պաշտպանողական, իսկ 1942թ  նոյեմբերի 19-ից հարձակողական, սկսվել են 1942թ. հուլիսի 17-ին ու շարունակվել մինչև 1943թ. փետրվարի 2-ը:

Ստալինգրադի ճակատամարտը բախտորոշ է եղել նաև Նացիստական Գերմանիայի համար, քանի որ խորհրդային բանակները ջախջախիչ պարտության են մատնել գերմանական «Բ» բանակախմբի 6-րդ բանակին և գերմանական 4-րդ տանկային բանակին, ինչպես նաև իտալական 8-րդ և ռումինական 3-րդ բանակներին, Ստալինգրադի ռազմաճակատում թշնամին կորցրել է շուրջ 1.5 մլն զինվոր ու սպա, ինչից հետո Գերմանայի զինված ուժերն այլևս չեն կարողացել վերականգնել իրենց նախկին հզորությունը, իսկ ռազմավարական նախաձեռնությունն անցել է խորհրդային զինված ուժերին:

Ստալինգրադի ճակատամարտը բախտորոշ է եղել նաև խորհրդային Հայաստանի համար, քանի որ Թուրքիան ուշադիր հետևել է հիշյալ ճակատամարտի արդյունքին` խորհրդային զինված ուժերի պարտության դեպքում Հայաստանի և այս կողմից ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար: Անցել է ուղիղ 80 տարի, ու պատմությունը կարծես նորից կրկնվում է…

Ուկրաինայում զինված հակամարտության հաջորդ երեքից վեց շաբաթները վճռորոշ են լինելու, քանի որ Կիևը մտադիր է նշված ընթացքում հակահարձակման անցնել։ Ինչպես այսօր տեղեկացրևլ է «Коммерсантъ»-ը, այս մասին գրել է «Politico»-ն` հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար Ադամ Սմիթին, ով անցյալ շաբաթ այցելել է Ուկրաինա, այնտեղ հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ըստ Սմիթի, Զելենսկին մտադիր է առաջիկա 3-6 շաբաթվա ընթացքում վերադարձնել կորցրած տարածքները: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հուլիսի 20-ին նույնպես հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը որոշիչ փուլում է:

Քանի որ Զելենսկու հետ Սմիթի հանդիպումը եղել է դեռ անցյալ շաբաթ, ապա երեքից վեց շաբաթների հաշվարկը սկսվում է այս շաբաթվա սկզբից, այսինքն` Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը կարող է սկսվել նույնիսկ այս շաբաթվա ընթացքում, եթե արդեն չի սկսվել:

Նկատի ունենալով, որ սա Ուկրաինայի ԶՈւ հակահարձակման մասին հրապարակված առաջին տեղեկությունը չէ, ավելի վաղ այլ աղբյուրներ նույնպես հայտնել են ծրագրվող, օգոստոս- սեպտեմբերին նախատեսված Ուկրաինայի ԶՈւ հակահարձակման մասին, ապա կասկած չունենք, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մինչև սեպտեմբերի կես, բացառված չէ` նույնիսկ մինչև նոյեմբերի կես, առավել թեժ են լինելու:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի ղեկավարը նշել է, որ ուկրաինացի պաշտոնյաները ցանկանում են խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, սակայն նրանք նախ նախատեսում են հետ գրավել ռուս զինվորականների կողմից օկուպացված տարածքները, հատկապես Ուկրաինայի հարավում։

«Օգնեք Կիևին հիմա որքան հնարավոր է, առաջիկա երեքից վեց շաբաթները վճռորոշ են»,- Զելենսկու գլխավոր ուղերձն է փոխանցել Սմիթը։

«Politico»-ն նշել է նաև, որ ձմռան մոտենալով ցածր ջերմաստիճանը և դաժան պայմանները կդանդաղեցնեն մարտական գործողությունները մինչև «հյուծման պատերազմ», որը կլինի Ռուսաստանի ձեռքում:

Հուլիսի 10-ին Ուկրաինայի նախագահը հրահանգել է մշակել երկրի հարավային տարածքներ հակահարձակման պլան։ Հուլիսի 12-ին Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել է դրա նախապատրաստման մասին։ Զելենսկու գրասենյակում հակահարձակման հիմնական պայմանը համարել են Արևմուտքի կողմից զրահատեխնիկայի և հակաօդային պաշտպանության շարժական համակարգերի տրամադրումը։

Իսկ որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զրահատեխնիկայի նոր խմբաքանակների և հակաօդային պաշտպանության շարժական համակարգերի տրամադրման դեպքում ՌԴ զինված ուժերը շարքից կհանեն նաև դրանք:

«РИА Новости»-ի գործակալության տեղեկացմամբ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հատուկ գործողության շրջանակներում սկսել են օգտագործել Սու-34 բազմանպատակային գերձայնային ճակատային կործանիչ- ռմբակոծչի բազայի վրա հիմնված «Сыч» նոր ավիացիոն հետախուզական համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ որոշել հակառակորդի թիրախների կոորդինատները և այլ պարամետրերը, մասնավորապես, հակաօդային։ պաշտպանության և ուկրաինական ռադիոտեղորոշիչ կայանների դիրքերը:

Ռմբակոծիչների վրա օգտագործվում են երեք տեսակի բեռնարկղեր՝ օպտիկաէլեկտրոնային, ռադիոլոկացիոն և ռադիոտեխնիկական հետախուզության։ Ինչպես պարզաբանել է «РИА Новости»-ի աղբյուրը, հետախուզական համալիրը «թույլ է տալիս իրականին մոտ ժամանակի ռեժիմում ավտոմատ կապուղիների միջոցով հակառակորդի ռազմական օբյեկտների մասին տեղեկատվությունը փոխանցել ցամաքային ուժերին և կրակային միջոցներին»: Դե սա, իհարկե, բացի նրանից, որ հակառակորդի թիրախները խոցելու համար այդ նույն տեղեկատվությունը կարող են օգտագործել նաև Սու-34-ի օդաչուները:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան