«Այսօրվանից ես այլևս չեմ աշխատում ԿԲ-ում». Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանն ազատվել է պաշտոնից

Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արա Չալաբյանը․ «Սիրելի ընկերներ, այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»:

Հիշեցնենք, որ օրերս «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր, նախկինում ԱԺՄ անդամ Վահե Վարսանյանը հոդված էր գրել, նշելով. «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին ԿԲ նախագահը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել․ «Հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը: Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը»:

Նշենք, որ Արա Չալաբյանը Կենտրոնական բանկում աշխատում էր 1999–ից։