Պահանջվում է Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ զեկույց տրամադրել

Վերջին ամիսների ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ծավալուն աշխատանքներ է իրականացրել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը կասեցնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու, Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու և այլ ուղղություններով։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ վերջին օրերի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քննարկվում էր 2023 թ․ «ԱՄՆ ազգային պաշտպանության արտոնությունների ակտը», ինչն օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է և պայմանավորում է ԱՄՆ արտաքին քաղաքականության, հատկապես արտաքին ռազմաքաղաքական կարևոր ուղենիշներ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով և Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամների միջոցով ներկայացված չորս առաջարկները, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, վերջին երկու օրերի ընթացքում ամբողջովին ընդունվել են Կոնգրեսի կողմից։

Ընդունված օրենսդրական լրացումներով՝ Ներկայացուցիչների պալատը Բաքվից պահանջում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ Մյուս լրացմամբ օրենսդիրը ամերիկյան գործադիր իշխանության համապատասխան կառույցներից պահանջում է զեկույց տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թ․ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների, սպիտակ ֆոսֆորի և կասետային ռումբերի օգտագործման, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։

Մեկ այլ լրացում վերաբերում է Թուրքիային ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքի սահմանափակումները խստացնելուն։

Ընդունված լրացումների մեջ թերևս ամենակարևորը Ջեքի Սփայերի կողմից ներկայացվածն էր, որն ուղղված էր ԱՄՆ Պետքարտուղարությանն ու Պաշտպանության քարտուղարությանը` վերջիններից պահանջելով․

1.      փաստաթղթավորել Պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի կատարումից հրաժարման պատճառները,
2.       զեկուցել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգային աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը,
3.      գնահատական տալ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հարձակողական ուժի կիրառմանը կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարմանը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 11-ից։

Մեկնաբանելով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաջողությունը՝ հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կոնգրեսի առաջնորդներին, կոալիցիոն գործընկերներին և հանձնախմբի տասնյակ հազարավոր ակտիվիստներին Միացյալ Նահանգներում, որոնք հնարավոր դարձրին այսօրվա հաղթանակը։

Միասին աշխատելով` ընդդեմ խորապես արմատացած և հզոր շահերի, մենք օգնում ենք պաշտպանել Արցախը, նպաստել Հայաստանին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և դադարեցնել ամերիկյան զենքի հոսքը դեպի Թուրքիա»: