Ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել զոհված զինծառայողների մարմինները դիահերձարանի նկուղում պահելու համար

Փաստաբան Գարիկ Գալեյանի բողոքի հիման վրա այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները դատական կարգով պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները  պոլիէթիլենային տոպրակներում անփութորեն լցված, գետնին նետված պահելու համար։

Հիշեցնենք, որ նահատակված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին լայն հասարակությանը հայտնի է դարձել 2021 թվականի մայիսի 31-ին։ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե, իբր, մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն’ հուղարկավորելու համար։

Դատական նիստի ժամանակ հայտարարվեց, որ շուրջ 30 դիակ կամ մասունք, որոնց ակնհայտ մեծ մասն  նույնականացված էր, պահվել են ոչ  պատշաճ պայմաններում։