Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 4

Սկիզբը` այստեղ

Ուկրաինայում իրավիճակը կարող է վերաճել գլոբալ հակամարտության, քանի որ Ռուսաստանի ղեկավարության հետ «խոսող չկա»։ «Газета.Ру»։-ի տեղեկացմամբ, այս մասին 2022թ. մարտին Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների ցույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, ես տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է նա:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրանից մեկ ամիս առաջ` փետրվարին, հայտարարել էր, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կդառնա միջուկային պատերազմ։ Այսինքն` եթե սկսվեց Երրորդ համաշխարհայինը, սովորական սպառազինությունից բացի, գործի կդրվեն նաև միջուկային հրթիռներն ու ռումբերը, պատերազմը կվերածվի միջուկայինի, այլ տարբերակ չկա:

«Օտարերկրյա ներգրավվածությունը հակամարտություններին ստեղծում է վտանգ, որ տեղական բախումները կընդլայնվեն ու դրանում կներգրավեն խոշոր տերությունները»,- դեռ անցյալ տարեվերջին, «Известия»-ի փոխանցմամբ, գրել է Միջազգային ճգնաժամային խմբի գործադիր փոխնախագահ Ռիչարդ Էթվուդը:

Եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս տարվա հունվար- փետրվարին հայտարարում էր, որ ԱՄՆ-ը չի նախատեսում հարձակողական զինատեսակներ տեղակայել Ուկրաինայում, ապա այժմ դրանք, այդ թվում նաև ծանր ռազմական տեխնիկան մեկը մյուսի հետևից ուղարկում է Ուկրաինա: Կա՞, արդյոք, որևէ երաշխիք, որ Միացյալ Նահանգները կամ Մեծ Բրիտանիան Ուկրաինայում առաջիկայում իրենց պարտության (այո՛, նախևառաջ, հենց իրենց պարտության) փաստին բախվելու դեպքում, նրան չեն տրամադրի միջուկային մարտագլխիկներ…

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, Газета.Ру-ի տեղեկացմամբ , հունիսի 23-ին հայտարարել է երկիր ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ժամանման մասին:

«HIMARS-ը ժամանել է Ուկրաինա. շնորհակալություն իմ ամերիկացի գործընկերներին և ընկերոջը՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթին Լլոյդին այս հզոր զենքի համար»,- գրել է Ռեզնիկովը Twitter-ում։

ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Պենտագոնը դիտարկում է Ուկրաինա չորս լրացուցիչ HIMARS և MLRS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) ուղարկելու հնարավորությունը։

Հունիսի 1-ին Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին՝ ներառյալ HIMARS ՀԿՌՀ -ի մատակարարումը։ Թեև ԱՄՆ վարչակազմը վստահեցրել է, որ համալիրների համար նախատեսված հրթիռների հեռահարությունը չի գերազանցի 80 կիլոմետրը, միաժամանակ, Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն սահմանափակի HIMARS-ի հեռահարությունը

Ճիշտ է, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր հերթին ընդգծել է, թե Կիևը Վաշինգտոնին խոստացել է չօգտագործել իրեն տրամադրված ամերիկյան համակարգերը Ռուսաստանին հարվածելու համար, սակայն դրա որևէ երաշխիք չկա, մանավա՛նդ, որ Կիևը նախկինում քանիցս դրժել է իր խոստումներն ու խախտել պարտավորությունները:

Մոսկվան ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաքաղաքական ղեկավարներից բազմիցս պահանջել է Ուկրաինա զենք և ռազմական տեխնիկա չուղարկել, զգուշացրել է, որ դրանք տեղափոխող տրանսպորտը ՌԴ Զինված ուժերի համար հանդիսանում է օրինական թիրախ, սակայն զենք և ռազմական տեխնիկա տեղափոխող ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների որևէ տրանսպորտային միջոց (ռազմատրանսպորտային կամ տրանսպորտային ինքնաթիռ, երկաթուղային շարժակազմ, բեռնատար) մինչ օրս չի ոչնչացրել, դրանց մի մասը խոցել է միայն Ուկրաինա հասնելուց, բեռնաթափումից հետո, մարտի դաշտում և պահեստներում:

Իհարկե, ՌԴ ԶՈւ-ն լիարժեք տեխնիկական հնարավորություններ ունի Ուկրաինա զենք և ռազմական տեխնիկա տեղափոխող ամբողջ տրանսպորտը ոչնչացնելու համար, և այդ դեպքում իր թշնամիների ուղարկած սպառազինությունից ոչինչ չի օգտագործվի իր զինծառայողների դեմ, չի հեղի նրանց արյունը;

Սակայն չնայած Արևմուտքին ուղղված իր բազմաթիվ զգուշացումներին, սպառնալիքներին, Ռուսաստանը դեռ չի գնում սպառազինություն տեղափոխող նրա տրանսպորտը ոչնչացնելու քայլին, քանի որ այն հղի է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների հետ սկզբում Ուկրաինայի տարածքում, իսկ հետո Ուկրաինայի տարածքից էլ դուրս, սկզբում սովորական, իսկ հետո նաև միջուկային սպառազինությամբ բախման, պատերազմի միանգամայն իրական վտանգով: Երրորդ համաշխարհային պատերազմի, որն ինչպես Լավրովն է ասել, կդառնա միջուկային պատերազմ։

Այնուհանդերձ, այն, որ Ռուսաստանն Ուկրաինա զենք տեղափոխող իր թշնամիների որևէ տրանսպորտային միջոց դեռ չի ոչնչացրել, բնավ չի նշանակում, որ դա չի կարող տեղի ունենալ առաջիկայում: Եվ խնդիրը սոսկ Ռուսաստանի զգուշացումներին Արևմուտքի արհամարհանքը չէ, կամ այն, որ Մոսկվայի համբերության բաժակը մի օր կարող է լցվել:

Հնարավոր չէ լիովին բացառել, որ կախված Ուկրաինա ուղարկվող զենքի և ռազմական տեխնիկայի ծավալներից (ԱՄՆ-ի միայն նախավերջին հատկացումը 1 մլրդ դոլարի է, ռազմական վերջին օգնության փաթեթը, որի մասին Բայդենն ազդարարել է հունիսի վերջին, 820 մլն դոլարի), Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունն ինչ-որ ժամանակ հետո կարող վտանգի տակ հայտնվել, իսկ այդ ժամանակ արդեն Ուկրաինայի տարածքում հարվածներ կարող են հասցվել սպառազինություն տեղափոխող ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների տրանսպորտային միջոցներին:

Վերոնշյալի առումով ավելորդ չենք համարում հիշեցնել հունվարի 12-ին Բրյուսելում կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հայտարարությունը` եթե բոլոր քաղաքական միջոցներն անզոր լինեն ՆԱՏՕ-ի սպառնալիքներին դիմակայելու համար, Ռուսաստանը ստիպված կլինի դրանց պատասխանել ռազմական միջոցներով։ Գրուշկոն միաժամանակ նա հավելել է, որ ավելի լավ է իրավիճակն այս կետին չհասցնել։

Ըստ Պենտագոնի, ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր Վաշինգտոնը 6,1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Կիևին: Ավելին. Պենտագոնի մամուլի քարտուղար Թոդ Բրեսեյլը հուլիսի 1-ին տեղեկացել է, որ նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց ի վեր, ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է մոտ 7,6 մլրդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն (ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը հասանելի է գերատեսչության կայքում): Մայիսին Բայդենը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս 40 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային զենքի և այլ աջակցության համար։ Սա դեռ միայն ԱՄՆ-ի օգնությունը:

Հուլիսի 1-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ եվրոպական իշխանությունները շուտով Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնեն` երկրին ֆինանսական աջակցության նախապես հայտարարված փաթեթից։ Reuters-ի փոխանցմամբ` ուկրաինական կողմին ֆինանսական աջակցություն հատկացնելու ծրագրերի մասին հուլիսի 1-ին հայտարարել է նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան